Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ օրենսդիր մարմնում աշխատելու ընթացքում սահմանափակումներ են մտցվելու լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
Պապուաշվիլիի խոսքով՝ կհրապարակվի խորհրդարանի նախագահի հրամանը, որը սահմանում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների վարքագծի կանոնները։ Ըստ նրա, կանոններից մեկի համաձայն` եթե խորհրդարանի պատգամավորը հարցազրույցի ընթացքում հրաժարվի ձայնագրվել, լրագրողը պարտավոր է դադարեցնել հարցազրույցը։
«Ինչ վերաբերում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողական գործունեության կանոններին, ապա՝ նրանք չպետք է միջամտեն խորհրդարանում ընթացող իրադարձություններին, առանց նախնական թույլտվության խորհրդարանի անդամի կամ գրասենյակի աշխատակցի աշխատասենյակը չպետք է լուսանկարեն, և եթե խորհրդարանի անդամը, գրասենյակի աշխատակիցը կամ խորհրդարան այցելած անձը հրաժարվի հարցազրույցը ձայնագրելուց, լրագրողը պետք է դադարեցնի հարցազրույցը:
Առանց խորհրդարանի անդամի, գրասենյակի աշխատակցի կամ խորհրդարան այցելող անձի համաձայնության չպետք է լուսանկարեն նրա փաստաթղթերը, հեռախոսի կամ այլ էլեկտրոնային սարքի էկրանն այնպես, որ դրա վրա առկա տեղեկատվությունը կամ պատկերը հնարավոր լինի տեսնել ու ընկալել, չպետք է թույլ տալ խորհրդարանում գտնվող անձի նկատմամբ անպարկեշտ, սեքսիստական, խտրական կոչեր կամ գործողություններ անել, պետք է ենթարկվել պետական պահպանության ծառայության ցուցումներին և հրահանգներին: Հավատարմագրման վկայականը պետք է կրել տեսանելի տեղում և չտալ այլ անձի»,- ասել է Պապուաշվիլին։