Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է գործում

Վրաստանի խորհրդարանի շենքում «անվտանգության դեղին մակարդակի» չեղարկումից հետո ակտիվացել է ամենաբարձր՝ «կարմիր մակարդակը»։

Այս որոշմանը նախորդել է Ռուսթավելի պողոտայի բողոքի ցույցը, որն սկսել էր «Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄ հետ բանակցություններ չսկսելու վերաբերյալ հայտարարությունից հետո։

Նոյեմբերի 29-ի առավոտյան ժամը յոթին ոստիկանական ուժերը հատուկ միջոցներով ցրել են խորհրդարանի դիմաց ցույցը՝ ամբողջությամբ բացելով Ռուսթավելի պողոտան։ Առավոտյան երթևեկությունը վերականգնվել է։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօրվանից՝ նոյեմբերի 29-ից, շենքում ակտիվացել է «անվտանգության կարմիր մակարդակը», ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարող մուտք գործել շենք, բացառությամբ «Խորհրդարանի գրասենյակի ղեկավարի կողմից որոշված ​​անձանց»։

Նոյեմբերի 25-ին՝ ընդդիմադիր կուսակցությունների և Վրաստանի նախագահի կողմից ոչ լեգիտիմ համարվող 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը, խորհրդարանում ակտիվացել էր «անվտանգության դեղին մակարդակը» և միայն լրագրողողները կարող էին մուտք գործել խորհրդարանի շենք, այն էլ՝ հրավերով։

Խորհրդարանի շենքում «անվտանգության դեղին մակարդակը» չեղարկվել է նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին։

Սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանը սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքը օրենսդիր մարմնում։ «Դեղին մակարդակը» գործում էր, օրինակ, 2024 թվականի գարնանը, այսպես կոչված «գործակալների օրենքի» դեմ ցույցերի ժամանակ։