Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սանձազերծելուն: Պապուաշվիլին թվիթերյան էջում դիմել է միջազգային հանրությանը.
«Ցավոք, Ուկրաինայի պատերազմից խուսափել չհաջողվեց։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը արդյունավետ և հաստատուն քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կողմից հակամարտության սրումը կասեցնելու և միջազգային նորմերին համապատասխանությունն ապահովելու համար։ Դժվար պահին մենք Ուկրաինայի կողքին ենք», — գրել է Պապուաշվիլին:
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։