Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինային Միասնության օրվա առթիվ։ Այդ մասին օրենսդիրի բյուրոյի նիստում հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։
«Փետրվարի 14-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով փետրվարի 16-ը հայտարարվել է Ուկրաինայի միասնության օր, և ես ցանկանում եմ շնորհավորել մեր ուկրաինացի քույրերին և եղբայրներին այս օրվա կապակցությամբ՝ Ուկրաինայի համար այս դժվարին ժամանակահատվածում։
Այսօր Ուկրաինայի դեսպանատանը տեղի կունենա դրոշի բարձրացման արարողությունը, որին կմասնակցի խորհրդարանի փոխխոսնակ և Վրաստան-Ուկրաինա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արչիլ Թալակվաձեն։ Խաղաղություն եմ մաղթում ուկրաինացի ժողովրդին այս դժվարին ժամանակահատվածում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Նշենք, որ ուկրաինական հասարակության կոնսոլիդացիան ամրապնդելու, հիբրիդային աճող սպառնալիքների դիմաց նրա ճկունությունն ամրապնդելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի փետրվարի 16-ը հայտարարել է Միասնության օր՝ ստորագրելով համապատասխան № 53/2022 հրամանագիրը։