Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դեկտեմբերի 21-22-ին կժամանի Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաք: Այս այցի մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2023 թվականի դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Դիլիջան) ժամանող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա ՊԱՊՈՒԱՇՎԻԼԻԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- նշված է որոշման մեջ։
Սիմոնյանի ստորագրած մեկ այլ կարգադրությունից պարզ է դառնում, որ ՀՀ ԱԺ նախագահը ևս պատվիրակության հետ կայցելի Դիլիջան քաղաք:
Վրացական կողմն այս պահի դրությամբ այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: