Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հրաժարական է տվել` թողնելով նաև  պատգամավորական մանդատը։

Կախա Կուճավան հրաժարականից հետո ասել է, թե ինքը փորձել է լինել բոլորի նախագահը։ Ըստ Կուճավայի` ինքը շատ բան է կարողացել անել։

Խորհրդարանական ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գուրամ Մաճարաշվիլիի խոսքով՝ Կուճավան լքում է խորհրդարանը, բայց մնում է թիմում՝ կուսակցության քաղխորհրդի անդամ և աշխատելու է նախագծի վրա։

«Հարցը քննարկվել է և՛ քաղխորհրդում, և՛ խմբակցությունում, Կախա Կուճավան բացատրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնից իր հրաժարականի պատճառները, ես և իմ գործընկերները քիչ թե շատ տեղյակ ենք այն մեծ նախագծից, որ Կախան ունի և ցանկանում է իրագործել։ Նա շատ ակտիվ է եղել իր աշխատանքի մեջ որպես խորհրդարանի նախագահ, և մենք կարող ենք վստահ ասել, որ նա խորհրդարանի ամենահաջողակ նախագահներից է եղել»,- ասել է Գուրամ Մաճարաշվիլին։

Նշենք նաև, որ ըստ «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակի՝ Կախա Կուճավային խորհրդարանում կփոխարինի Գիա Ցագարեիշվիլին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր