Վրաստանի խորհրդարանը մարդասիրական բեռներ կուղարկի Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է բարեգործական արշավի մեկնարկի մասին։
«Բոլոր պատգամավորներին կոչ եմ անում մասնակցել այս բարեգործական միջոցառմանը։ Ես արդեն դիմել եմ Գանձապետների խորհրդին՝ դեկտեմբերին բացակայելու պատճառով պատգամավորների համար պահված գումարն օգտագործել այս բարեգործական ակցիայի համար»,- ասել է Պապուաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ օրենսդիր մարմնում բացվել է հատուկ բանկային հաշիվ, որի վրա խորհրդարանի պատգամավորներն ու գրասենյակի աշխատակիցները ֆինանսական օգնություն կհավաքեն տուժածների համար, կպատրաստվի համապատասխան մարդասիրական բեռ։ Տուժածների համար անհրաժեշտ ապրանքներն ու կենցաղային իրերը մոտ ապագայում կուղարկվեն Թուրքիա:
Նշենք, որ փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը։
Թուրքիայի տարածքում փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Վրաստանից մեկնել է 100 փրկարար: