Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-ադրբեջանա-թուրքական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն եռակողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներն ու հնարավորությունները:
Հանդիպումներ կանցկացվեն նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ, կքննարկվեն վրաց-թուրքական ռազմավարական գործընկերության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցերը:
Օրենսդիրի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սա նման ձևաչափով 9-րդ հանդիպումն է, և օրենսդրական մակարդակում կարևոր հարթակ է երեք երկրների միջև, որտեղ կողմերը հնարավորություն կունենան քննարկել տարածաշրջանում ընթացող զարգացումները, հետագա քայլերը և եռակողմ ռազմավարական գործընկերությանը վերաբերող կարևոր որոշումները։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր