«Վրաստանի խամաճիկների տերը շրջվում է դեպի Մոսկվա». Financial Times

«Վրաստանի խամաճիկների տերը շրջվում է դեպի Մոսկվա»,- այս վերտառությամբ հոդված է հրապարակել Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթը՝ անդրադառնալով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին։

Հոդվածում նշված է, որ «օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին փորձում է կովկասյան ազգին վերադարձնել Ռուսաստանի ուղեծիր»։ Օրաթերթը գրել է, որ օլիգարխը, որի ունեցվածքը 5 միլիարդ դոլար է, ինչը երկրի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդին է հավասար, երկիրը ղեկավարել է հիմնականում կուլիսներից:

«Սակայն, անցյալ շաբաթ իջավ սարից՝ դավադիր, հակաարևմտյան ելույթ ունենալու համար, որտեղ Վրաստանը ներկայացրեց որպես «Գլոբալ պատերազմի կուսակցություն» և նրա ենթադրյալ գործակալների քաղաքացիական իրավունքների խմբերի զոհ», — գրել է Financial Times-ը:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Իվանիշվիլիի ելույթը իշխանամետ հանրահավաքում «օտարերկրյա գործակալների» ծայրահեղ վիճահարույց օրենքին աջակցության դրսևորում էր։ Financial Times-ը գրել է, որ օրինագիծը զարկ տվեց երկրում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ցույցերի մեկնարկին.

«Վրաստանի կառավարության մերձեցումը Մոսկվային շարունակվում է արդեն երեք տարի` չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանը պատերազմում է: Սակայն վերլուծաբաններն ու կառավարության քննադատներն ասում են, որ օտարերկրյա գործակալների օրենքը և Իվանիշվիլիի ելույթը, որում նա կրկնում էր Կրեմլի տեքստերը, շրջադարձային կետ են, և որ նախկին խորհրդային հանրապետությունն այժմ վերադարձել է Ռուսաստանի ուղեծիր»:

Հոդվածում նշված է, որ այն, ինչ անում է Վրաստանի իշխանությունը, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ, ինչպես շատ ռուս օլիգարխների դեպքում, Իվանիշվիլիի բիզնես շահերը վտանգված են, եթե նա չկատարի Կրեմլի գիծը: Մեկ այլ հնարավոր բացատրությունն այն է, որ Իվանիշվիլին արձագանքում է ԵՄ-ի պահանջին, որ Վրաստանը կտրուկ սահմանափակի օլիգարխների ազդեցությունը մինչ անդամակցության բանակցությունների մեկնարկը:

Հոդվածում նշված է նաև, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ Իվանիշվիլին օգտագործում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մարտավարությունը՝  բևեռացնում է քաղաքական բանավեճերը, ներքին հակառակորդներին հռչակում է որպես օտարերկրյա գործակալներ և օգտագործում մշակութային խնդիրները՝ շահելու համար սոցիալապես պահպանողական վրացիների, հատկապես գյուղական վայրերում ապրողների սրտերը:

Նշված է նաև, որ ցանկացել են մեկնաբանություն ստանալ Իվանիշվիլիից, սակայն վերջինս չի պատասխանել խնդրանքին։

Հիշեցնենք, որ «Որպեսզի Վրաստանը չգնա Պուտինի ճանապարհով, պետք է պատժամիջոցներ կիրառել երկրի ռուս խամաճիկների նկատմամբ»` այս վերտառությամբ հոդված էր հրապարակել նաև ամերիկյան The Hill պարբերականը, որի հեղինակներն են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին օգնական Դեյվիդ Կրամերը և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին:

Հակաարևմտյան նարատիվներ, հոմոֆոբիա և սպառնալիքներ. Իվանիշվիլիի ելույթը