
«Վրացական երազանք»-ը նոր քարոզչական հնարքներով սկսել է վրաց հասարակությանը նախապատրաստել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկմանը` ասում են փորձագետներն ու պնդում, որ իշխող ուժը, ինչպես միշտ, փորձում է վրաց հասարակությանը մոլորեցնել և դրա համար կիրառում է զգայական միջոցներ:
«Վրացական երազանք»-ից հնչում են կարծիքներ, թե «Վրաստանի քաղաքացիները հայրենասիրական զգացմունքներից դրդված կհրաժարվեն ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից», որոշ պատգամավորներ էլ չեն բացառում, որ ապագայում նման բան հնարավոր է:
Փորձագետները, ընդդիմադիրներն ու քաղհասարակությունը նույնպես չեն բացառում, որ ԵՄ-ն կչեղարկի Վրաստանի համար 2017 թվականից գործող վիզայի ազատականացումը: Ավելին, պնդում են, որ դա «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան ու հակաժողովրդավարական քայլերի պատասխանը կլինի, որից, սակայն, կտուժեն նաև քաղաքացիները:
Առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման հարցը «Վրացական երազանք»-ի կողմից արդիական էր դարձել այն բանից հետո, երբ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը հայտնել էր, որ Եվրամիությունը մի քանի ամսից կընդունի օրենք, որը կհեշտացնի Բրյուսելի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցումը այն երկրների նկատմամբ, որոնք օգտվում են նման ռեժիմից։
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց՝ «Վրացական երազանք»-ը շատ լավ գիտի, որ Բրյուսելն առանց վիզայի ռեժիմ չի կիրառում ավտորիտար ռեժիմների հետ, իսկ «Վրացական երազանք»-ը երկրում հենց ավտորիտար ռեժիմ է հաստատել, դրա պատճառով էլ գիտակցում են, որ Բրյուսելը, հավանաբար, կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը, և սկսել են ռուսական նարատիվներով շեղել ու հակատրամադրել վրաց հասարակությանը:
Թումասյանի դիտարկմամբ՝ Բրյուսելի նման քայլը, բնականաբար, միայն «Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական քայլերին ի պատասխան կլինի. «Վրացական երազանք»-ն այնպիսի թեզեր է առաջ քաշում, որոնք կազդեն հասարակության զգացմունքների վրա, բայց այդ թեզերը կեղծ են:
«Վրաց ժողովուրդը կտուժի առանց վիզայի ռեժիմի չեղարկման պատճառից, ոչ թե՝ հետևանքից, իսկ պատճառը «Վրացական երազանք»-ն ու իր հակաժողովրդավարական, ավտորիտար, բռնապետական գործողություններն են: Չի կարող երկիրը շեղվել ժողովրդավար աշխարհից դեպի ավտորիտար երկրների ուղի և ունենալ առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ», — ասաց միջազգային հարցերով փորձագետը:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, վիզաների ազատականացումը վրաց ժողովրդի արժանիքն է, որին հասել է պայքարով, համառությամբ, եվրոպականությամբ։
«Վրացական երազանք»-ի արբանյակ, հակաարևմտյան հայտարարություններով աչքի ընկած «Ժողովրդի ուժը» կուսակցության անդամ Սոզար Սուբարին ասել էր. «Իսկապես, վրաց ժողովրդի մասին այնքան վատ կարծիք չունեմ, որ վիզային ռեժիմի ազատականացումը նրանց համար ավելի կարևոր կլինի, քան հակազգային և հակաքրիստոնեական քաղաքականությունից հրաժարվելը, որը փորձում է պարտադրել Deep State-ը»։
Ըստ քաղաքագետ Մելաշվիլիի՝ «Վրացական երազանք»-ի ռեժիմը ոչնչացնում է այդ հնարավորությունը և փորձում է իր քաղաքականության հետևանքները բարդել բոլորի վրա՝ մարսեցիների, Deep State-ի (խորքային պետություն՝ սա «Վրացական երազանք»-ի դավադրության տեսություններից է), եվրոպացիների վրա, բայց բոլորին պետք է պարզ լինի՝ առանց վիզայի ռեժիմը կորցնելու դեպքում դրա պատասխանատվությունը կրելու է միայն «Վրացական երազանք»-ը։
Վրաստանի նախկին («Վրացական երազանք»-ի) արտաքին գործերի նախարար Պապունա Ջանելիձեի կարծիքով, «Վրացական երազանք»-ն իր ուղերձով վիրավորում է ողջ Վրաստանին և կարծում է, որ ժողովուրդը ամբոխ է և կընդունի ցանկացած քարոզչական ուղերձ։ Ըստ Ջանելիձեի՝ Վրաստանի քաղաքացին չի կարող հավատալ, որ.
-
«Եվրամիություն առանց վիզայի ճանապարհորդությունից շահում է Եվրամիությունը, ոչ թե Վրաստանը։
-
Եվրամիություն առանց վիզայի ճանապարհորդությունը կապված է Վրաստանում հակազգային և հակաքրիստոնեական քաղաքականության իրականացման հետ։ Վրաստանի քաղաքացիները 2017 թվականից օգտվում են առանց վիզայի ռեժիմից, և նրանք քաջատեղյակ են, թե ինչ առավելություններ է տվել իրենց այդ ռեժիմը»։
Այսօր «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի փոխնախագահ Նինո Ծիլոսանին ասել էր. «Առանց վիզայի ռեժիմն իսկապես հարմարավետ է, և մենք այդ հարմարավետությունը վաստակել ենք «Վրացական երազանք»-ի կառավարման ժամանակ՝ անցնելով բոլոր այն փուլերը, որոնք սահմանել է Եվրամիությունը: Դա ոչ մեկին անվճար չի տրվել… Սակայն, եթե հարմարավետությունը բախվի հայրենասիրությանը, ապա վրաց ժողովուրդը միշտ մնացել է և կմնա իր երկրի հայրենասերը»:
Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Ջանելիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ը սկսել է հանրությանը նախապատրաստել քարոզչական նոր հնարք տարածելով, թե «վրացի տղամարդու հայրենասիրությունը չի փոխանակվի Եվրամիություն առանց վիզայի գնալու հետ»։
Այս թեմայով «Ռուսթավի 2»-ին տված իր հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հավանականությունը քիչ է և այդքան էլ կարևոր չէ. «Ինչ է` առանց վիզայի ճանապարհորդությունը մանանա՞ է դրախտից»:
Ինչ է ասում ընդդիմությունը
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեի խոսքով, վիզայի ազատականացումը վրաց ժողովրդի ձեռքբերումն է, ոչ թե «Վրացական երազանք»-ի։ Ըստ Խազարաձեի` «Եվրոպական ընտրությունը ազգային ընտրություն է, և վրաց ժողովուրդը կպաշտպանի այդ ձեռքբերումը մինչև վերջ»:
Նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ը փորձում է նախապատրաստել դեպի Եվրոպա ազատ, առանց վիզայի ճանապարհորդության կորստին: Գախարիայի խոսքով, պայքարը Եվրոպայում առանց վիզայի ռեժիմի պաշտպանության համար կշարունակվի։
«Հայտարարված հիբրիդային պատերազմի շրջանակներում «Վրացական երազանք»-ը փորձում է մեզ նախապատրաստել դեպի Եվրոպա ազատ, առանց վիզայի ճանապարհորդության կորստին՝ դրանում մեղադրելով բոլորին, բացի իրենից։ Մենք միշտ պայքարել ենք և կպայքարենք պաշտպանելու համար Վրաստանի ձեռքբերումը՝ Եվրոպա առանց վիզայի ճանապարհորդությունը», — ասել է Գախարիան։
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Էլենե Խոշտարիան գրել է. «Լիովին պարզ է, որ «Վրացական երազանք»-ը տեղեկատվական արշավ է սկսել իր հակաարևմտյան խնդիրն ավարտին հասցնելու, վիզաները կորցնելու համար»: Ըստ Խոշտարիայի՝ Վրացական երազանք»-ը շատ լավ գիտի, որ «ռուսական այդ առաջադրանքին արձագանք կլինի, ինչպես նոյեմբերի 28-ին, և վախենում է»։
«Դրա համար էլ կեղծ երկընտրանքներ են ստեղծում՝ հայրենասիրությո՞ւն, թե՞ վիզա։ Մենք չպետք է զբաղվենք այս ստերով, քանի որ հայրենասիրությունը պահանջում է ազատվել դրանցից («Վրացական երազանք»-ից), որովհետև մենք ուզում ենք ունենալ ազատություն, արդարություն և զարգացում, և դրա համար` ներառյալ վիզաները, և պետք է դա հայտնի դարձնենք գործողությունների միջոցով: Խիստ բողոք ռուսական այս ծրագրի դեմ…», — գրել է Խոշտարիան:
Քաղհասարակության գնահատականը
Վրաստանյան 23 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ (ՀԿ) արձագանքել են վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր կասեցմանը՝ նշելով, որ «Վրացական երազանք»-ը միտումնավոր վտանգի տակ է դնում ձեռքբերումները, քանի որ «նրանց համար գլխավորը իշխանությունը պահպանելն է` նույնիսկ վիզայի ազատականացումը չեղարկելու գնով»։
Կազմակերպությունները նշել են, որ վիզաների ազատականացման չեղարկումը բխում է ոչ թե վրաց ժողովրդի, այլ Բիձինա Իվանիշվիլիի և Ռուսաստանի շահերից։
Երրորդ հատվածի գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ի անդամների այսօրվա մեկնաբանությունները ցույց են տալիս, որ «ռեժիմն ինքը գիտակցում է, որ իրենց գործողությունների և քաղաքականության հետևանքով Վրաստանի եվրոպական ապագան կանգնած է լուրջ վտանգի առաջ։»
Նրանք համատեղ հայտարարությամբ միջազգային գործընկերներին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել ոչ թե վրաց ժողովրդի, այլ ռեպրեսիաների հեղինակների նկատմամբ։