Վրաստանի վերաբերյալ «տխուր քննարկում» Բրյուսելում

Նոյեմբերի 18-ին կայացել է Եվրամիության արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումը: Որոշվել է՝ ԵՄ տեխնիկական առաքելությունը կժամանի Վրաստան և կուսումնասիրի երկրում ընթացող զարգացումները։ Այլ հարցերի շուրջ՝ ընտրությունների գնահատում, պատժամիջոցներ, թե առանց վիզայի ռեժիմի կասեցում, Եվրամիությունում կոնսենսուս չկա: ԱԳ նախարարներից ոմանք հանդիպումն անվանել են «տխուր քննարկում Վրաստանի մասին»:

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում (ժողովրդավարության — հեղ.) անկման կապակցությամբ։ Բորելը հավելել է՝ իրավիճակը տեղում պետք է ստուգվի և վերլուծվի, և դա այն է, ինչին ծառայում է տեխնիկական առաքելությունը: Ըստ նրա՝ դա կլինի «քաղաքական առաքելություն, որը ջանասիրաբար կհետաքննի կատարվածը»:

Բորելը նաև հավելել է, որ ԵՄ-ն կհրավիրի և հարցազրույց կանցկացնի Բրյուսելում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ։ Բորելը չի ​​մանրամասնել տեխնիկական առաքելության դերակատարումը, սակայն քննադատել է Վրաստանի կառավարության ընթացքը։

«Թե ինչպես անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, հաստատում է ներկայիս կառավարության ժողովրդավարական հետընթացը: «Վրացական երազանք»-ի առաջնորդները Վրաստանը տարանջատեցին Եվրամիության ճանապարհից, դեմ գնացին վրաց ժողովրդի նկրտումներին»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։

Նոյեմբերի 18-ի առավոտյան՝ ԱԳՆ աշխատանքի մեկնարկից առաջ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասել է՝ դժվար է հասնել կոնսենսուսի:

«(Լիտվան — հեղ.) Վրաստանում անցկացված ընտրությունները չի համարում ազատ և արդար»,- հավելել է Լանդսբերգիսը։

Նա նաև կոչ է արել «անկախ միջազգային հետաքննություն» անցկացնել Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ։ Նրա խոսքով, եթե ​​Վրաստանի կառավարությունը հրաժարվի դրանից, դա խոսուն ապացույց կլինի: Նա խոստովանել է՝ Եվրամիությունում կոնսենսուս չկա Վրաստանի հետ կապված այս և այլ միջոցառումների շուրջ:

«Ինչ վերաբերում է նույն պատժամիջոցներին, դա հեշտ ճանապարհ չէ»,- ասել է լիտվացի քաղաքական գործիչը։

Ըստ ԶԼՄ-ների՝ Հունգարիան և Սլովակիան դեմ են Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, կասկածներ են հայտնում նաև Բուլղարիան ու Իտալիան։ Մյուս կողմից` Գերմանիան դեմ է, որ ԵՄ-ն դադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստան։

«(Վրաստանի — հեղ.) հարցում հստակ որոշում չի կայացվել։ Բուռն քննարկում է եղել»,- ԱԳՆ հանդիպումից հետո ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Մարեկ Էշտոկի մեկնաբանությունները բացահայտել են ԵՄ անդամ երկրների կարծիքների տարբերությունները։ Նա ասել է. «Մենք ընդունեցինք վրաց ժողովրդի որոշումը։ Սա օրինական որոշում է։ Մենք հասկանում ենք, որ եղել են որոշակի խնդիրներ, բայց Վրաստանի կառավարությունը պետք է կարգի բերի դրանք»։

Մինչ այժմ Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Վիկտոր Օրբանը Թբիլիսի է ժամանել ընտրություններից երկու օր անց։ Վրաստանի կառավարության տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, թեև սլովակյան կողմն այս կապակցությամբ դեռ հայտարարություն չի արել։

Օրվա ընթացքում եվրոպացի այլ քաղաքական գործիչներ նույնպես պատասխանել են Վրաստանին վերաբերող հարցերին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան կասկած է հայտնել Վրաստանում անցկացված ընտրությունների արդար լինելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ Վրաստանի կառավարությունը «իրականում չի գնում եվրոպական ճանապարհով»։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդուբեսկուի խոսքով, ինքը «մտահոգված է» Վրաստանում ընտրությունների անցկացման եղանակով։

Օրվա ավարտին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նույնպես մեկնաբանություն է արել:

«Մենք տխուր քննարկում ունեցանք Վրաստանի վերաբերյալ, քանի որ, ինչպես գիտեք, միջազգային դիտորդները խախտումներ են արձանագրել»,- ասել է նա և կոչ արել Սալոմե Զուրաբիշվիլիին` մինչև իր լիազորությունների ավարտը ներում շնորհել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

ԵՄ առաջնորդները նշել են, որ դաշինքի դուռը բաց է մնում Վրաստանի համար, թեև եվրաինտեգրման գործընթացը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի փոխել իր կուրսը։

«Վրացական կառավարության կուրսն օրենքի գերակայության և (Եվրամիության — հեղ.) հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ, Վրաստանին հեռացնում է եվրաինտեգրման ճանապարհից: Առանց էական փոփոխությունների Վրաստանը չի կարող առաջ շարժվել եվրոպական ճանապարհով»,- ասել է Բորելը։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, իսկ չորս ընդդիմադիրները միասին ունեն 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։

Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։

Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։