Վրաստանի ներքաղաքական կյանքում կրկին վերադասավորումներ են։ Այսօր՝ փետրվարի 18-ի առավոտյան վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց պաշտոնը լքելու մասին՝ պարզաբանելով, թե անհամաձայնություններ ունի թիմի հետ՝ մասնավորապես, Վրաստանում ամենահայտնի ու ազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկա Մելիայի կալանավորման հարցում, քանի որ, ըստ նրա, այդպիսով երկրում քաղաքական ճգնաժամն ավելի է խորանալու։
Հիշեցնենք, որ Մելիան մեղադրվում է խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու մեջ։ Ընդդիմադիր գործիչը համախոհների հետ 2019-ի հունիսի 20-21-ի գիշերը խորհրդարանի մոտ հակաօկուպացիոն բողոքի ակցիայի ժամանակ կառավարության շենք գրոհելու փորձ էր արել։ Լայնամասշտաբ բողոքի պատճառն այն էր, որ երկրում անցկացվում էր Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստը, իսկ վեհաժողովը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որն ըստ գործչի՝ բազմիցս խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին օրենքը:
Փետրվարի 16-ին Վրաստանի խորհրդարանը, բավարարելով գլխավոր դատախազի պահանջը, զրկեց պատգամավորին անձեռնմխելիությունից, իսկ արդեն մեկ օր անց՝ դատարանը Մելիային կալանավորելու որոշում կայացրեց։
Այսօր՝ փետրվարի 18-ին, երբ ոստիկանությունը պետք է զբաղվեր ընդդիմադիր գործչի կալանավորմամբ, վերջինիս աջակիցները թույլ չէին տվել։
Արդեն րոպեներ անց Վրաստանի վարչապետը հայտարարեց հեռանալու մասին, իսկ ներքին գործերի նախարարությունը, որ մինչ այդ նախազգուշական հայտարարություն էր տարածել Մելիայի աջակիցներին ուղղված, հայտարարեց, որ «վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի հետ կապված` ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիայի ձերբակալությունը ժամանակավորապես հետաձգվում է»:
Գիորգի Գախարիան վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախարարությունը 2 տարի ղեկավարելուց հետո՝ 2019-ի սեպտեմբերի 8-ին` իր դեմ բողոքի ակցիաների ֆոնին։
Գախարիան մշտապես համարվել է ազդեցիկ քաղաքական գործիչ Վրաստանում, իսկ Ամերիկյան ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), որը մշտապես սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացնում Վրաստանում, վերջին՝ հունվարին հրապարակված հարցումի համաձայն՝ hարցվածների 46 տոկոսը դրական էր գնահատել վարչապետ Գիորգի Գախարիայի գործունեությունը, 32 տոկոսը՝ միջին, 17 տոկոսը՝ վատ։
Այնուամենայնիվ, Գախարիայի հրաժարականի մասին խոսվում էր պարբերաբար, իսկ խոսակցություններն առավել հիմնավոր դարձան, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին այս տարվա հունվարին հայտարարեց կուսակցությունը լքելու և քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին, չնայած, նրա կուսակցությունը հաղթել էր նաև 2020-ի հոկտեմբերին անցկացված ընտրություններում, ինչը սակայն մինչ այժմ էլ չի ընդունում ընդիմությունը։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Գախարիայի հրաժարականը կապված է հենց իշխող կուսակցության ներքին վերադասավորումների հետ։
«Երբ հայտնի դարձավ, որ Բիձինա Իվանիշվիլին թողնում է կուսակցությունն ու հեռանում, պարզ էր, որ կմնան ազդեցության որոշ լծակներ, սակայն ինքը բուն պրոցեսներից դուրս է լինելու, ուստի, այս պարագայում կարևոր էր, թե ինչպես են վերաձևակերպվելու «Վրացական երազանքի» ներքին ուժային խմբերը։ Իմ կարծիքով թիմի ներսի որոշ քայլեր էին, որոնք հենց Գախարիայի դեմ էին ու այս ամենի հիմնական թիրախը հենց Գախարիան էր, այլ ոչ թե Մելիայի խափանման միջոցը փոխելը, քանի որ ընդդիմադիր գործչի դեմ դատական գործն ընթանում էր դեռևս 2019-ին և նա դեռևս ամիսներ առաջ նետել էր դատարանի որոշմամբ կրող էլեկտրոնային թևնոցը։ Իվանիշվիլիի հեռացումից հետո կուսակցությունը ղեկավարում է քաղխորհուրդը, որում տարբեր խմբեր կան ու միշտ էլ խաղացել են իրար դեմ, այսօր էլ հասան նրան, որ վարչապետ փոխվեց»,-ասում է փորձագետը՝ հավելելով, որ թեև Գախարիան իր հեռացումով հույս է հայտնել, որ կհանդարտվի ներքաղաքական կյանքը, սակայն ներկայիս ընդդիմության պայմաններում, դա այդքան էլ իրատեսական չի համարում։
Ըստ Մելիքյանի՝ թեև աշնանը տեղի ունեցած ընտրություններից հետո ընդդիմությունը դեռևս շարունակում էր բողոքարկել դրանց արդյունքները, սակայն, հնարավոր է, որ իրավիճակն առաջիկայում հանդարտվեր, մինչդեռ առաջ եկավ ընդդիմադիր Նիկա Մելիայի խափանման միջոցն ընտրելու հրատապությունն ու թիմի մոտեցումները կիսվեցին․
«Կարծում եմ, որ կոշտ որոշման կողմնակիցներն ավելի շատ էին, Գախարիան միայնակ էր մնացել, և դատարանի որոշումից հետո, ընդդիմությունը, որ հավաքվել էր գրասենյակում, փորձելու էր պահել Մելիային ոստիկանությունից և այդտեղ արդեն կլիներ բախում։ Գախարիան հասկանալով, որ կրկին լարվելու է իրավիճակը՝ դուրս եկավ։ Տեսնելով մեծամասնության լիդերների արձագանքները, հասկանալի է դառնում, որ կա դատարանի որոշումն իրականացնելու կոնսեսուս»։
Փորձագետի կարծիքով՝ ներքաղաքական գործընթացների ռադիկալացում կլինի և այս ֆոնին ընդդիմությունն իր գործունեությունն առավել կկոշտացնի։
«Վրացական երազանքում» այսօր արդեն գերակայում է ուժային քայլերի կողմնակիցների քաղաքականությունը, և պետք է սպասենք, որ նոր վարչապետը նույնպես այդ ամենի կողմնակիցը կլինի։ Իսկ խորհրդարանում նման հայտարարություններով վերջերս հանդես է եկել խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Թեա Ծուլուկիանին, և իմ տրամաբանությամբ՝ հենց ինքն է երևի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, իսկ նա բավական ռադիկալ դիրքորոշում ունի ընդդիմադիրների նկատմամբ»,-ասում է փորձագետը՝ հավելելով, որ Վրաստանում ակտիվ շրջան է սպասվում մինչև ամառ, և եթե իշխանությունները չդիմադրեն, ապա կանցկացվեն արտահերթ ընտրություններ։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով Վրաստանում երկարատև քաղաքական ճգնաժամ գոյություն ունի, որն արտահայտվում է տարբեր եղանակներով։
«Ընդդիմադիր դաշտի կողմից իշխանության նկատմամբ ճնշումը բավական մեծ է և այդ ֆոնին տարբեր խաղացողներ տարբեր կերպ են դրսևորում իրենց վարքը․ մի մասի կարծիքով՝ պետք է գնալ զիջումների, մի մասի կարծիքով՝ ավելի խիստ գիծ պետք է պահպանել։ Ակնհայտ է, որ Գախարիան զիջումների կողմնակիցն է եղել, բացի այդ, անհամաձայնությունները, թերևս, կուտակվել էին։ Պետք է հաշվի առնել, որ Գախարիայի դերը, հատկապես վերջին մեկուկես տարում, բավական մեծ էր վրաստանյան քաղաքականության մեջ, նա կարողացել էր շատ տուրբուլենտ շրջանում երկիրը կայունացնել, ու թերևս ակնկալում էր, որ իր կարծիքը հաշվի կառնեն, սակայն այսպիսով բաժանվեց իշխող թիմից, որը որոշել էր զիջումների չգնալ»,-ասում է Միքայելյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքականությունն այս տարածաշրջանում դեր է խաղալու և, անշուշտ, ազդելու է նաև ներքին քաղաքականության վրա։