Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի պատասխանել լրագրողների հարցին՝ ե՞րբ է հրաժարական տալու:Բաթումիում Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում լրագրողները Ղարիբաշվիլիին հարցրել են Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին:
Վարչապետը խոսել է Միշելի հետ հանդիպման մասին, բայց երբ լրագրողները հարցրել են հրաժարականի թեմայից, վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլորին ուշադրության համար և հեռացել:
Հիշեցնենք` հուլիսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկված TV Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշքարավան հուլիսի 11-ին մահացավ: Նույն օրը քաղաքացիական ակտիվիստները, ՀԿ-ները և լրատվամիջոցների ներկայացուցիչները բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրիի հրաժարականը:
Ավելի վաղ ՝ հուլիսի 5-ին, Թբիլիսիում ագրեսիվ հոմոֆոբ խմբերը ծեծի էին ենթարկել լրատվամիջոցների ներկայացուցիչների, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք էր ստացել 53 լրագրող, շատերը հոսպիտալացվել էին, ոմանք դեռևս մնում են բժիշկների հսկողության տակ: