Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Պարոն վարչապետ,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ:
Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա:
Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»: