Վրաստանի վարչապետը կմասնակցի COP29-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 11-13-ը Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29):

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Կոբախիձեի հետ COP29-ի պատվիրակության կազմում կլինեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Այցի շրջանակներում Կոբախիձեն կհանդիպի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Նախատեսվում է նաև Կոբախիձեի ելույթը COP29 առաջնորդների գագաթնաժողովում, նաև պանելային քննարկումներ կլինեն, որոնք կանցկացվեն կլոր սեղանի ձևաչափով՝ տարբեր թեմաներով։

Համաժողովին մասնակցող առաջնորդներին կհյուրընկալեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը և Ալիևը։

Հիշեցնենք. նոյեմբերի 11-ին Ադրբեջանում մեկնարկում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ամիսներ շարունակ կասկածի տակ էին դնում միջոցառումն Ադրբեջանում անցկացնելու նպատակահարմարությունը։