Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ժոզեպ Բորելին հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության վարչակազմի փոխանցմամբ` վարչապետը Բորելի հետ ընթրել է Մթածմինդայում։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ղարիբաշվիլին Բորելի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը ոչ պաշտոնական միջավայրում։
Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը երեկ՝ սեպտեմբերի 7-ին այցելել է Թբիլիսի։ Այցի շրջանակներում նախատեսված էր Իրակլի Ղարիբաշվիլիի և Ժոզեպ Բորելի հանդիպումն ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո տեղի է ունենալու համատեղ մամուլի ասուլիս։
Մինչ այդ, երեկ՝ սեպտեմբերի 7-ին Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունում կայացած ճեպազրույցում Բորելն ասել է, որ ԵՄ դուռը բաց է Վրաստանի առաջ, սակայն այդ ճանապարհին լուրջ աշխատանք է պետք, և Վրաստանը «շատ աշխատանք ունի անելու»։
Այցի շրջանակներում Ժոզեպ Բորելին կընդունի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բորելը կհանդիպի նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանում։
Հատկանշական է, որ 2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա՞ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։