Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովին:
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունում կայացած հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Անար Քարիմովին՝ Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար, և վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը:
Հանդիպմանը կարևորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը: Նախարար Քարիմովը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին` հաջող միջնորդության համար, որի արդյունքում ազատ է արձակվել Հայաստանի 15 քաղաքացի, ինչպես նաև Վրաստանի վարչապետի դերի համար` նպաստելու երկխոսության գործընթացին տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ լուծման ժամանակ:
Զրույցում անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում երկկողմ կապերի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևը, Ադրբեջանի մշակույթի նախարարության պաշտպանության, զարգացման և մշակութային ժառանգության պետական ծառայության ղեկավար Ազադ Աֆարլին։ Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին: