Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Հելգա Մարիա Շմիդին: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության աշխատակազմը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կարևոր ներգրավվածությունը Վրաստանում հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման ու պատերազմի հետևանքով տարանջատված բնակչության միջև վստահության վերականգնման գործընթացում: Վարչապետը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին այս ուղղությամբ գործադրվող ջանքերի համար շնորհակալություն է հայտնել:
Ընդգծվել է ԵԱՀԿ համանախագահների դերը Ժնևի միջազգային բանակցություններում և դեպքերի կանխարգելման ու դրանց արձագանքելու մեխանիզմի շրջանակներում:
Շեշտվել է նաև, որ, չնայած անվտանգության ու մարդասիրական տեսանկյունից առկա բարդ մարտահրավերին, Վրաստանի կառավարությունը հավատարիմ է կոնֆլիկտի խաղաղ լուծման ու երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացին։