Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի մասնակցելու ընդդիմության հետ բանակցություններին: Իշխող թիմից ներգրավված են «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Կոբախիձեն, Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեն, փոխխոսնակ Կախա Կուչավան:
Եվրամիության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դենիելսոնը հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զուրաբիշվիլին ողջունել է կառավարության պատրաստակամությունը, վստահություն է հայտնել, որ շվեդ դիվանագետի այցը լինելու է արդյունավետ, իսկ նրա փորձը կօգնի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: Ըստ Զուրաբիշվիլիի` պրոցեսը ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն ելք գտնելու համար պետք է մեղմացնել հռետորաբանությունն ու տեղափոխվել բանակցությունների սեղան:
Հիշեցնենք` Կրիստիան Դենիելսոնը որպես բանակցությունների հատուկ միջնորդ նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի կողմից. Միշելը Թբիլիսիում էր մարտի 1-2-ը: Եվրոպացի դիվանագետը կողմերին կոչ էր արել երկու շաբաթվա ընթացքում կոմպրոմիսի գալ, գտնել քաղաքական ճգնաժամը հարթելու ուղիներ: Արևմտյան միջնորդներն արդեն մի քանի ամիս է փորձում են ազդել Վրաստանի քաղաքական իրավիճակի վրա, սակայն ճգնաժամը երկրում ավելի է խորանում: Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս անց էլ ընդդիմության հիմնական մասը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն է պահանջում: Իշխանությունը նոր ընտրությունների հարց հրաժարվում է օրակարգ բերել, հորդորում են բանակցությունների շրջանակում կենտրոնանալ այլ հարցերի վրա: