Կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել մեծ վտանգ ներկայացնում են մարդկանց կուտակումները: Լողավազաններն ու մարզասրահները ռիսկային չեն: Այս կարծիքին է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Վրաստանի կառավարության որոշմամբ` մարզասրահներն ու լողավազանները բացվելու են ամենավերջին փուլում, հստակ ժամկետ դեռևս չկա:
«Յուրաքանչյուր սահմանափակում հանելու դեպքում ռիսկեր կան, նույնը նաև լոզավազանների համար, բայց այս դեպքում ռիսկերը նվազագույն են, ավելի վտանգավոր են հարսանիքներն ու հոգեհացի հավաքույթները»,- ասել է Ցերցվաձեն:
Հունիսին մարզիկների մի խումբ Թբիլիսիում բողոքի ակցիա անցկացրեց` կառավարությանը կոչ անելով բացել ֆիթնես-կենտրոններն ու մարզասրահները:
Թեև Վրաստանում արգելքների մեծ մասը հանված է, դեռևս գործում են որոշ սահմանափակումներ. Ուժի մեջ է ավելի քան 10 մարդու մասնակցությամբ միջոցառումների (հարսանիք, ծննդյան և սգո արարողություններ և այլն) արգելքը, չեն գործում խաղատները, լողավազաններն ու մարզասրահները, մանկական կենտրոնները, երկրում արգելված են նաև մարզական ու մշակութային միջոցառումները: