
Վրաստանում ավելի քան 110 օր շարունակվում են եվրոպամետ բողոքի ակցիաները։ Բողոքի ցույցերի նոր փուլը սկսվեց այն ժամանակ, երբ վրացական հասարակությունը, տեղական հասարակական կազմակերպությունները և Վրաստանի միջազգային գործընկերները չճանաչեցին 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը:
Ինքնաբուխ եվրոպամետ ակցիաները Վրաստանի ողջ տարածքում նոր ընթացք առան այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ Եվրամիության հետ անդամակցության գործընթացը չի սկսի մինչև 2028 թվականի ավարտը։ Ցուցարարների պահանջները մինչև օրս մնում են անփոփոխ` ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալվածներին և նշանակել ազատ ու արդար ընտրություններ։
Զուգահեռաբար ցույցեր էին ընթանում Սերբիայում։ Ցույցերը սկսվել էին նոյեմբերի 1-ին հյուսիսային Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում բետոնե առաստաղի փլուզումից հետո, ինչի հետևանքով զոհվել էր 15 մարդ:
Ըստ որոշ կազմակերպությունների՝ երկու դեպքում էլ կառավարական ուժերը հետապնդում են նույն նպատակը՝ ճնշել բողոքի ակցիաները: «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»-ի դիտարկմամբ` նման է նաև պետական լրատվամիջոցների կողմից հաջողությամբ գործող քարոզչամեքենան։ Այս երկրների իշխանությունները նաև փորձում են առավելագույն վերահսկողություն պահպանել հանրային հեռարձակողի նկատմամբ, որը պետք է ծառայի հանրությանը, թեև երկու դեպքում էլ զբաղված են իշխանությունների քարոզչության տարածմամբ, ընդգծել է «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»-ը: Կազմակերպության խոսքով՝ Սերբիայում բողոքի ցույցերը որոշակի արդյունք են գրանցել:
Մասնավորապես, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սերբիայի կառավարությունը՝ վարչապետ Միլոշ Վուչևիչի գլխավորությամբ, հրաժարական է տվել, իսկ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն հունիսի սկզբին։
- Թեև վարչապետ Վուչևիչը հունվարին ասել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, Սերբիայի խորհրդարանը միայն շաբաթներ անց հաստատեց նրա հրաժարականը: Վուչիչը հայտարարել է, որ եթե Վուչևիչի հրաժարականից հետո 30 օրվա ընթացքում նոր կառավարություն չձևավորվի, նա արտահերթ ընտրություններ կնշանակի, որոնք նախատեսվում է անցկացնել հունիսի 8-ին՝ Սերբիայում վերջին ընտրություններից մեկուկես տարի անց։
Սերբիայի նոր կառավարության ձևավորման վերջնաժամկետը ապրիլի 18-ն է։
«Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»-ը գրել է, որ Վրաստանի ներկայիս քաղաքական ճգնաժամը համեմատած վերոնշյալ և այլ երկրների հետ՝ կրիտիկական է, քանի որ «Վրացական երազանք»-ը շարունակում է յուրացնել խորհրդարանական, կառավարական և դատական իշխանությունը.
«Չնայած Վրաստանում բողոքի ցույցերն ունեն միջազգային աջակցություն, «Վրացական երազանք»-ը ակտիվորեն փորձում է ճնշել բողոքի շարժումը տարբեր բռնի ու տեղեկատվական միջոցներով։ Վրաստանի դեպքը եզակի է նրանով, որ «Վրացական երազանք»-ը ցույցերին արձագանքում է ամենադաժան կերպով։ Իրավապահների դաժանությունը հանգեցրել է միջազգային կոշտ արձագանքների ու պատժամիջոցների, ինչի հետևանքով ոչ լեգիտիմ կառավարությունը Վրաստանը նետել է միջազգային մեկուսացման մեջ»:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները խոսեցին մի քանի հանգամանքի մասին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ բողոքի ակցիաների արդյունավետությանը: Հանգամանքներից մեկը, որը գրեթե բոլոր փորձագետներն են նշում՝ այն է, որ բողոքի ակցիաները հիմնականում մայրաքաղաքում են ընթանում, այնինչ պետք է մասշտաբային և շարունակական բնույթ ունենան ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, այլև Վրաստանի մնացած շրջաններում:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց. «Սերբիայում բողոքի ցույցերն էլ ավելի զանգվածային էին. նրանց հաջողվեց «փակուղի մտցնել» երկրի գրեթե բոլոր քաղաքները։ Վրաստանում նույնպես շատ մարդիկ պետք է դուրս գան, և կարևոր է՝ ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում։ Սերբիայի զանգվածային ցույցերը լուրջ նախազուշացում էին իշխանություններին, որ իրենք կանգ չեն առնի»:
Կոնֆլիկտաբանն ընդգծեց՝ կարևոր են նաև ընդդիմության գործողությունները։
«Ընդդիմությունը միշտ պետք է լինի «հասկանալի» հասարակությանը և այնպիսի հռետորաբանություն բանեցնի, որ հանրության շրջանում փողոց դուրս գալու ցանկություն առաջանա։ Նրանք պետք է ցույց տան, թե որն է իրենց հիմնական խնդիրը, պետք է պարզ լինի, թե ինչի համար է ակցիան, ինչին է ծառայում։ Ընդդիմությունը պետք է ցույց տա, թե ինչու է ավելի լավը, քան ներկայիս իշխանությունն է։ Կարևոր է նաև, որ հասարակությունն ունենա առաջնորդ (և ոչ միայն)։ Պայմանականորեն պետք է անընդհատ տեսանելի լինի՝ ինչ է անելու ընդդիմությունը, ինչ օրենքներ են փոխելու, ցույց տան՝ փոխելո՞ւ են արդյոք «Վրացական երազանք»-ի ընդունած մարդու իրավունքներին հակասող օրենքները և այլն»,- նշեց կոնֆլիկտաբանը:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան Վրաստանում ընթացող ցույցերի հետ կապված խանգարող հանգամանքների շարքին հավելեց ցուցարարների հանդեպ «Վրացական երազանք»-ի ճնշող քաղաքականության փաստը:
«Կարող եմ ասել, որ բողոքի ակցիաները մեզ շատ բան տվեցին։ Չնայած այն հանգամանքին, որ շատերը կորցրել են իրենց եկամուտները, շարունակվում են ճնշումները, այնուամենայնիվ հասարակությունը չի ընդունում այժմյան իշխանությանը, և վրաց ժողովուրդը ևս կհասնի հաջողության»,- ասաց քաղաքագետը:
Փորձագետներն ընդգծեցին նաև, որ Սերբիայի հաջողությունը պետք է լավ օրինակ լինի վրաց ժողովրդի համար:
«Համագործակցության և զարգացման ցանցի Արևելյան Եվրոպա»-ի նախկին գլխավոր քարտուղար Գիորգի Փցքիալաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Վրացական երազանք»-ի և Վուչիչի ռեժիմների նպատակները նման են՝ ենթարկել պետությանը և մշտապես մնալ իշխանության ղեկին։ Միաժամանակ, այս երկու ռեժիմների միջև կան բազմաթիվ նմանություններ և շատ տարբերություններ, այդ թվում՝ իշխանության մնալու մարտավարությունը։ Վուչիչը միշտ նահանջում է, իսկ Իվանիշվիլին՝ գրեթե երբեք»
Նրա խոսքով՝ ընդդիմությունն ավելի հյուծված ու թուլացած է, և դեռ պարզ չէ, թե ինչպես և ինչ ձևով կկարողանան մասնակցել ընտրություններին, որոնք կեղծվելու մեծ շանսեր ունեն. ըստ Փցքիալաձեի՝ կարևոր է նաև, որ ցույցերը ընդգրկեն ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև երկրի այլ շրջաններ:
Նշենք. ըստ Freedom House միջազգային կազմակերպության 2024 թվականի տվյալների՝ Վրաստանը և Սերբիան հիբրիդային ռեժիմներ են, ինչը նշանակում է, որ պետությունում չկա անկախ դատական համակարգ, շարունակվում են քաղաքական բռնաճնշումները, հալածվում են անկախ լրատվամիջոցները։
Ըստ Freedom House-ի՝ Վրաստանն այլևս ժողովրդավարական երկիր չէ