Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ բաց պատուհանների պայմաններում որոշ օդորակիչների գործածման թույլտվությունը կտարածվի նաև հանրային տրանսպորտի համար:
Խոսքն այն օդորակիչների մասին է, որոնք օդը ոչ թե ներսում են պտտում, այլ դուրս են հանում:
Ավելի վաղ մասնագետներն ասում էին, որ գրասենյակներում, բանկերում, խանութներում հանրային տրանսպորտում ու փակ այլ տարածքներում կենղացաղային օդորակիչների օգտագործումը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում: Երկրում արգելվել էր այն օդորակիչների կիրառումը, որոնք դրսից օդ չեն վերցնում: Այս ամառվա ընթացքում չեն միացվել նաև երթուղայինների օդորակիչները` փոխարենը նրանց թույլատրվել էր երթևեկել բաց պատուհաններով: Սոցցանցերի վրաստանյան հարթակներում չեն դադարում դժգոհ գրառումներն այն մասին, որ շոգին տրանսպորտում անհնար է դիմանալ` այն էլ դիմակով. վերջին օրերին հատկապես, երբ Վրաստանում օդի ջերմաստիճանն անցել է 40-ից: