Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2022 թվականի վերջին 11 ամիսների տվյալներով՝ Վրաստանի տնտեսությունն աճել է միջինը 10 տոկոսով:
Ըստ նախարարի՝ ակնկալվում է, որ 2023 թվականին Վրաստանի տնտեսական աճը կպահպանի այդ տեմպերը։
Խուցիշվիլին նշել է, որ գնաճը երկրում սկսել է նվազել և դեկտեմբերին կազմել է 9,8 տոկոս։
«2023 թվականից մի քանի փոփոխություններ կիրականացվեն. պետական ծառայողների աշխատավարձը կբարձրանա, իսկ հանրային ծառայություններում աշխատավարձն արդեն բարձրացել է 10 տոկոսով։ Բացառություն են կազմում բանակը, ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները, որտեղ աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով։
Կարևոր է նաև, որ պահպանվեն սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը, որոնք նախկինում կային»,- ասել է Խուցիշվիլին։
Նախարարը կենտրոնացել է որոշ մակրոտնտեսական պարամետրերի վրա, այն է՝ բյուջեի դեֆիցիտի կրճատումը, որն էլ, ըստ նրա՝ կառավարության հիմնական առաջնահերթություններից էր.
«Տարեսկզբին բյուջեի դեֆիցիտի փաստացի ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս, տարեվերջին` նվազել է մինչև 3,1 տոկոս, ինչը նշանակալի հաջողություն է երկրի համար»: