Հարցված վրացի տնտեսագետների մոտ 90 տոկոսի կարծիքով, 2023 թվականի երկրորդ եռամսյակում լարիի ամրապնդման վրա բարձր կամ շատ մեծ ազդեցություն ունեցող գործոնը միգրանտների ներհոսքն է։ Այս մասին նշված է PMC հետազոտական կենտրոնի «Վրաստանի տնտեսական կլիման» զեկույցում:
Վրաստանում առաջիկա վեց ամիսներին տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնտեսագետների կանխատեսումները բացասական են։
Ըստ հետազոտության՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից ավելի քան մեկ տարի անց, հարցված տնտեսագետների գրեթե կեսը (47 տոկոս) չի կարողացել վերջնական գնահատել պատերազմի ընդհանուր ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա։
Վրացի տնտեսագետները վերջերս իրենց ուշադրությունը կենտրոնացրել են համաշխարհային բանկային հատվածում տեղի ունեցող գործընթացների վրա։ 63 տոկոսի կարծիքով, համաշխարհային բանկային հատվածի անկայունությունը նվազագույն ազդեցություն կունենա Վրաստանի տնտեսության վրա։
Հարցման համաձայն, վրացի տնտեսագետները դրական են գնահատում 2023 թվականի երկրորդ եռամսյակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նրանց գնահատականը բարելավվել է 2023 թվականի 1-ին եռամսյակի և 2022 թվականի 2-րդ եռամսյակի գնահատականներից:
Ի դեպ, ուսումնասիրության մեջ, որը հիմնված է Ifo ինստիտուտի մեթոդաբանության վրա, քննարկվում է Վրաստանի տնտեսական կլիման վրացի տնտեսագետների գնահատականներով։ Այս հրապարակման համար հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի մայիսին։