Ասիական զարգացման բանկի (ADB) նոր զեկույցի համաձայն, Վրաստանի տնտեսական աճը գուցեև դանդաղի 2023 թվականին՝ Ռուսաստանից միգրանտների նվազման և ֆինանսական ներհոսքի կրճատման հետևանքով, իսկ ահա 2024 թվականին սպասվում է թեթևակի վերելք:
ADB-ի 2023 թվականի կանխատեսմամբ, որն այսօր հրապարակվել է բանկի հիմնական տնտեսական հրապարակման մեջ, Վրաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 4,5 տոկոսով։ Բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին ՀՆԱ-ն կաճի մինչև 5 տոկոս՝ ի հաշիվ ծառայությունների ոլորտում աճող շահույթի:
Վրաստանում ADB-ի տնօրենի պաշտոնակատար Կամել Բումադը նշել է՝ նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճից հետո Վրաստանը պետք է ավելի կայուն զարգացման ուղիներ փնտրի։
«Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում իր դիրքերն ամրապնդելու և ենթակառուցվածքային կարևոր նախագծերում առաջընթացը պահպանելու համար Վրաստանին ձեռնտու կլինի ավելացնել վերականգնվող էներգիայի արտադրությունը, խթանել նորարարությունը և արագացնել բնապահպանական գործողությունների ծրագրի իրականացումը»,- ասել է Բումադը։
ADB-ի կանխատեսումներով, 2023 թվականին ընթացիկ հաշվի դեֆիցիտը կաճի ՀՆԱ-ի 5 տոկոսով, իսկ 2024 թվականին՝ ՀՆԱ-ի 6 տոկոսով՝ աճող առևտրային դեֆիցիտի պայմաններում: Սպասվում է, որ արտահանման աճը կդանդաղի մինչև 10,7 տոկոս, որը 2024 թվականին կհասնի 11,2 տոկոսի։ Դրամական փոխանցումները կնվազեն տարեկան մինչև 2,5 միլիարդ դոլար, քանի որ միգրանտների ներհոսքը կնվազի, ինչը, հավանաբար, ճնշում կգործադրի փոխարժեքի վրա:
Ի դեպ, ADB-ն Վրաստանի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկն է և աջակցում է երկրին 2007 թվականից: Վրաստանին տրված սուվերեն և ոչ սուվերեն վարկերի ընդհանուր գումարը կազմում է 3,9 մլրդ դոլար։ ADB-ի զարգացման առաջնահերթություններն են Վրաստանում բազմակողմ և կայուն տնտեսական աճը, աղքատության կրճատումը, տարածաշրջանային կապը և հանրային ծառայությունների մատուցման բարելավումը:
ADB-ի առաքելությունն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջող, բազմակողմ և կայուն զարգացմանը: Միաժամանակ, վերջինս շարունակում է աշխատել տարածաշրջանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ: 1966 թվականին հիմնադրված կազմակերպությունը միավորում է 68 երկիր, որոնցից 49-ը՝ ասիական տարածաշրջանից։