Այսօր՝ հուլիսի 13-ին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG-NEAR) ներկայացուցիչ Մայքլ Ռուփը ելույթ ունենալով Եվրախորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ասել է, որ Եվրահանձնաժողովը Վրաստանի մասին զեկույց կպատրաստի նախկինում սահմանված 2022 թվականի դեկտեմբերի փոխարեն՝ մինչև 2023 թվականը:
Զեկույցը վերաբերելու է, թե ինչպես է երկիրը կատարում Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները:
Ռուփը, սակայն, չի նշել 2023 թվականի կոնկրետ ամսաթիվը։ DG-NEAR ներկայացուցիչը ժամկետի հետաձգումը բացատրել է այսպես.
«Ուշադիր քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ չպետք է շտապեցնել վրացական քաղաքական վերնախավին՝ ապաքաղաքականացնել երկիրը, նստել ընդհանուր սեղանի շուրջ՝ խորը բարեփոխումների վրա աշխատելու։
Այսպիսով, ինչպես պահանջել է Եվրոպական խորհուրդը, մենք զեկույց կպատրաստենք այն մասին, թե ինչպես են կատարվում ընդլայնման փաթեթում նախանշված առաջնահերթությունները մինչև 2023 թվականը։ Սա Վրաստանի քաղաքական համակարգին բավական ժամանակ կտա նշված առաջնահերթությունների վրա խորությամբ աշխատելու համար»,- ասել է Ռուփը։
Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևի նախագիծը ԵԽ-ում