Վրաստանի տարանցիկ ճանապարհներից ռեկորդային թվով բեռնատարներ են օգտվում

Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022-ի առաջին 6 ամսում Վրաստանի տարածքով անցել է 209 հազար բեռնատար, ինչը 51 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ ամեն օր ավելի քան 1 150 բեռնատար անցել է երկրի տարածքով:

Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել է 200 լարի (մոտ 64 դոլար): Նշենք, որ հունիսի 20-ից Վրաստանի տարանցիկ ճանապարհի վճարը դարձել է 350 լարի (մոտ 114 դոլար)։

Ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին տարանցիկ բեռներից բյուջե է փոխանցվել 41,9 մլն լարի եկամուտ։ 2021 թվականի ընթացքում Վրաստանի միջանցքով ընդհանուր առմամբ օգտվել է 332 հազար բեռնատար, որից բյուջե է փոխանցվել 66,4 միլիոն լարի ճանապարհօգտագործման հարկ։

Նշենք, որ վճարի բարձրացման արդյունքում 2022 թվականին միջազգային տարանցման եկամուտը պետք է հասնի 90 մլն լարիի, իսկ մինչև 2023 թվականը հավանաբար կհասնի 150 մլն լարիի։

Ըստ ֆինանսների նախարարության՝ բարձրացնելով տարանցիկ ճանապարհների օգտագործման վճարը, պետությունը կկարողանա մոբիլիզացնել լրացուցիչ եկամուտներ։