Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ Վրաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի տեղաշարժի ներդրման 6-ամյակի կապակցությամբ, հայտարարություն է տարածել, ըստ որի` ներկայում Վրաստանի շուրջ 1 մլն 700 հազար քաղաքացիներ ունեն կենսաչափական անձնագրեր:
Գործակալության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը բարձր տեխնոլոգիական ճամփորդական փաստաթուղթ է և պաշտպանված է կեղծիքից։
Նշվում է նաև, որ վրացական անձնագրով հնարավոր է առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 106 երկրներում։
«Արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալությունը զգալի ներդրում է ունեցել ԵՄ երկրների հետ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման և պահպանման գործընթացում։ Եվրամիության հետ համագործակցությամբ հաջողությամբ իրականացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական նպատակներից էր փաստաթղթերի անվտանգության ապահովումը։
Պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերի, անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի և կենսաչափական անձնագրի հուսալիությունը միջազգայնորեն ճանաչված է»,- նշված է հաղորդագրության մեջ։