Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ (DRI) հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո վրացի ծայրահեղ աջ քաղաքական դերակատարների Մոսկվա կատարած այցերի մասին։
DRI-ի փոխանցմամբ, ուկրաինական պատերազմին զուգահեռ Ռուսաստանում հանդիպումներ են անցկացրել Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» առաջնորդները, «Պահպանողական կուսակցության» անդամները և «Պրիմակովյան կենտրոնի» ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն։
DRI-ի զեկույցի համաձայն, «Վրացի հայրենասերների դաշինքի» առաջնորդներ Իրմա Ինաշվիլին և Դավիթ Թարխան-Մուրավը ապրիլի 4-ին՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց մեկուկես ամիս անց, պաշտոնական հանդիպում են անցկացրել Ռուսաստանում։
«Նրանք հանդիպել են Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը և նույն կոմիտեի ներկայացուցիչ Միխայիլ Սինիցինը։ Հանդիպման նպատակն էր պահպանել և բարելավել Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը»,- նշված է զեկույցում:
Զեկույցի համաձայն, պատերազմին զուգահեռ Մոսկվայում պաշտոնական հանդիպումներ է ունեցել նաև բացահայտ ռուսամետ «Պրիմակովի վրաց-ռուսական հասարակական կենտրոնի» ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն.
«Հանդիպման պաշտոնական առիթը Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների բարելավումը և տարածաշրջանային անվտանգության խնդիրներն են եղել»:
DRI-ի զեկույցում խոսվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանում ծայրահեղ աջ քաղաքական խմբավորումները փորձում էին Ուկրաինայի իշխանությունը ներկայացնել որպես «խամաճիկային ռեժիմ», «Արևմուտքը՝ պատերազմ հրահրող կողմ», իսկ Ռուսաստանը՝ որպես «անպարտելի երկիր, որը գործում է՝ ելնելով սեփական պետական շահերից»։