Այսօր նշվում է Ռադոիյի օրը։ Վրաստանի Հանրային Ռադիոյի ոսկե ֆոնդում նաև հայկական արժեքավոր ու եզակի ձայնագրություններ են պահպանվում, որոնք այս օրերին թվայնացվում են։
Վրացական ֆոնդն ընդհանուր առմամբ ավելի քան երեք միլիոն ձայնագրություն ունի, քիչ չէ նաև հայկականը, որ հավաքվել է ծրագրի հիմնադրման օրվանից։
Վրաստանում առաջին ռադիոհաղորդումը հեռարձակվել է 1925 թվականին։ 1956-ին արդեն տարբեր լեզուներով ծրագրի թվում բացվել է նաև հայկական հաղորդումների բաժինը, որը ստեղծման օրվանից ձայնադարան է ուղարկել այսօր արդեն պատմություն դարձած բազմաթիվ ձայնագրություններ։
Մոտ 50 տարվա գործունեության ընթացքում հայկական բաժնի աշխատակիցները մի քանի կիլոգրամի հասնող ձայնագրիչները օգտագործում էին ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, այլ հասցնում հեռավոր քաղաքներ ու գյուղեր, որտեղ մարդիկ արդեն անհամբերությամբ էին սպասում ամենօրյա ռադիոհաղորդումներին։
Հայկական բաժնի վերջին ղեկավարը՝ Սուսաննա Խաչատրյանը, «Ռադիոլուր»-ին ասում է, որ արվել են այնպիսի ձայնագրություններ, որոնք եզակի են, չկան նաև Հայաստանում․
«Այսօր էլ հարուստ ձայնադարան ունենք։ Ներկայացումներից ունենք երկու լեզվով դրվագներ։ Գ․ Սունդուկյանի Պեպոյում օրինակ Ակակի Վասաձեն խոսում է վրացերեն, Արտեմ Լուսինյանն ու Ասիա Ժամկոչյանը պատասխանում են հայերեն։ Բաբկեն Ներսիսյանը Թբիլիսիում Սայաթ Նովայի ստեղծագործությունները ներկայացրել է հայերենով, վրացերենով և ռուսերենով։ Հիշում եմ, որ ճանաչված վրացի ժողովրդական դերասանները լսելով այն, ասել էին՝ մենք նոր հասկացանք Սայաթ Նովայի մեծությունը»։
Այսօր Հանրային հեռարձակողի հայկական բաժինը պարբերաբար արխիվից հանում և ներկայացում է ձայնագրություններից հատվածներ։
Անցած տարիների ընթացքում հայկական բաժինը ձայնագրել է Թբիլիսիի հայկական թատրոնի բազմաթիվ բեմադրություններ («Արա Գեղեցիկ», «Պեպո», «Պատվի համար», «Նամուս» և այլն), Թիֆլիս ժամանած հայ մտավորականներին՝ Հովհաննես Շիրազին, Սիլվա Կապուտիկյանին, Վիկտոր Համբարձումյանի ելույթը վրաց ակադիմոկոսների առջև, Գարեգին առաջին կաթողիկոսին, Վարդատոնում Զուրաբ Ժվանիայի ելույթը, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գասախուրդիայի հայերենով խոսքը և այլն։ Սակայն բազմաթիվ ձայնագրություններ, որ արված էին ժապավենների վրա, չեն պահպանվել։ Գոհար Մազմանյանը, ով աշխատում է Վրաստանի Հանրային հեռարձակողի հայկական բաժնում, օգնել է նաև հայկական արխիվի թվայնացման գործին․
«Այսօր անխտիր թվայնացվում են նաև հայկական ձայնագրությունները․․․Տարբերություն չի դրվում։ Դրանք որ հնչում էին ռադիոյով, մեծ դեր էր խաղում հայ համայնքի կյանքում, նպաստում հայապահպանությանը»։
1956-ից ձևավորված հայկական ֆոնդի ձայնագրությունների թիվը պարզ կդառնա թվայնացումից հետո։ Ռադիոլուրին ասում է Հանրայինի ձայնադարանի գլխավոր մասնագետ Նինո Ժղնետին՝ հավելելով, որ
«Քիչ չեն նաև հայերեն ձայնագրությունները։ Այն ինչ մեզ փոխանցվում է հայկական բաժնից, մենք պահպանում ենք։ Գրեթե ամեն ինչ պահպանվել է։ Ձայնադարանը ձևավոևվել է 1947 թվականին, սակայն մենք ունենք դեռ 1911-ին արված ձայնագրություններ․ Թիֆլիս ժամանած անգլիացիների խումբը ձայնագրել էր վրացի հայտնի բանաստեղծ Ակակի Ծերեթելիին, ով այնուհետև լսելով իր ձայնը, զարմացել էր, չհավատալով որ ինքն է»:
Վրաստանի ոսկե ֆոնդը, որում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնություններով ռադիոհաղորդումների ձայնագրությունները ամբողջովին կթվայնացվի առաջիկա հինգ տարվա ընթացքում։