
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեին հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։
Ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև համագործակցության աճող դինամիկան, որը ծառայում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը։
«Կողմերը խոսել են նաև պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ ձևաչափով համագործակցության ընթացիկ և նախատեսվող միջոցառումների մասին։ Պաշտոնական այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Կողմերը ստորագրել են Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև պաշտպանական համագործակցության նորացված համաձայնագիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: