
Վրաստանի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել լավագույն զինվորների պարգեւատրման արարողությունը։ Այս տեղեկությունը տարածել է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ հաղորդագրության` Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին լավագույն զինվորականներին պարգեւատրել է պատվոգրերով ու կրծքանշաններով։ Մատիաշվիլին շնորհակալություն է հայտնել Էլգուջա Շեկիլաձեին, Պաատա Սաբիաշվիլիին, Գիորգի Կվրիվիշվիլիին, Գիգլա Ջանելիձեին և Շոթա Մեխեշիձեին իրենց պարտականությունները հստակ կատարելու համար և հաջողություններ մաղթել ապագայում։
Ըստ գերատեսչության պարզաբանման` լավագույն զինվորների ընտրությունն իրականացվում է տարբեր չափանիշներով, հաշվի է առնվում կարգապահության մակարդակը, ֆիզիկական և մարտական պատրաստվածությունը, հանձնարարված առաջադրանքների կատարման որակը, որոշումներ կայացնելու և թիմում աշխատելու կարողությունը։ Նախագծի նպատակն է բարձրացնել զինվորականների մոտիվացիայի և մարտունակության մակարդակը։