
Մեծ Բրիտանիայում անցկացված Cambrian Patrol 2022 զորավարժություններին Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները հաջողությամբ են հանդես եկել։ Վրացի զինվորները Ուելսից Վրաստան են վերադարձել արծաթե մեդալներով, հայտնում է ՊՆ-ն։
Ըստ հաղորդագրության` զորավարժությանը մասնակցել է Վրաստանի պաշտպանության ուժերի J-2 հետախուզական վարչության և հատուկ գործողությունների ջոկատի ռեյնջերական գումարտակի զինծառայողներից կազմված թիմը։ Վրացի զինվորները 70 կիլոմետր տարածություն են հաղթահարել 48 ժամվա ընթացքում և նշված երթուղում հաջողությամբ կատարել 10 հետախուզական առաջադրանք։
Հետախուզական առաջադրանքները ներառում էին ականապատ դաշտերի հայտնաբերում և ելքերի կազմակերպում, առաջին բուժօգնության տրամադրում, հակառակորդի տեխնիկայի հայտնաբերում, հրետանու կրակի ճշգրտում և հակառակորդի ամրացված դիրքի վրա գրոհ:
Զորավարժությունը տեղի է ունեցել 10 օրվա ընթացքում Հյուսիսային Ուելսի լեռնային տեղանքում, որին մասնակցել են զինվորական գումարտակներ 30 երկրներից: