Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի Բուչա քաղաքից ստացվող լուրերի մասին։
«Ուկրաինայի Բուչա քաղաքում կատարվող ռուսական ռազմական գործողություններից բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվում։ Չնայած պատերազմի բիրտ «օրենքներին», նման դաժանություն դժվար է պատկերացնել: Այս ամենը տեսնել հնարավոր չէ, մարդը չի կարող չցնցվել» — նշված է հաղորդագրության մեջ:
Պատրիարքարանն իր ցավակցությունն է հայտնել՝ նշելով, որ աղոթում են խաղաղ բնակիչների հոգիների հանգստության համար։
«Թող Տերը օրհնի նրանց հոգիները, և թող խաղաղություն լինի Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»,- ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ կիրակի Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում քաղաքացիական հագուստով շուրջ երեք հարյուր զոհվածների մասին են հաղորդել ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները։