Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանի պաշտոնական կայքում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահի «հաղթանակի» կապակցությամբ հրապարակված հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի այս նամակը թյուրիմացություն է առաջացնում, քանի որ.
ա. ռուսական եկեղեցին ճանաչում է վրաց եկեղեցու իրավասությունը՝ Հարավային Օսիայի տարածքում,
բ. Վրաստանի եկեղեցին, վրացական պետությունը և միջազգային հանրությունը նույնպես ճանաչում են Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները և օկուպացված տարածքներում գործող վարչակազմերը համարում են օկուպացիոն ռեժիմ։
Ցավալի է, որ այսօր, երբ գործադրվում են բոլոր ջանքերը ուղղափառ եկեղեցիների հարաբերությունների ամրապնդման համար, ձեռնարկվում են քայլեր, որոնք բացասաբար կանդրադառնան ներկա իրավիճակի վրա և կբարդացնեն այն»:
Նշենք, որ հարավային Օսիայի դե ֆակտո գործող նախագահ Անատոլի Բիբիլովը «նախագահական ընտրություններում» պարտվել է դե ֆակտո ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության նախագահ Ալան Գագլոևին։ Գագլոևի «երդմնակալության արարողությունը» տեղի կունենա մայիսի 24-ին։
Կարդացեք նաև՝
ՌԴ-ին միավորվելու հանրաքվեն Հարավային Օսիայում կանցկացվի հուլիսի 17-ին