Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին Ուկրաինայում է։
«Չէի կարող պատկերացնել, որ 48 տարեկանում զենքը ձեռքիս կպայքարեմ Ուկրաինայում՝ Վրաստանի ազատության համար։ Նրանք, ովքեր սրտացավ են, գիտեն ազատության գինը և կարող են գոնե Կալաշնիկով (զենքի տեսակ) օգտագործել՝ այժմ պետք է օգնեն Վրաստանին այստեղ՝ Ուկրաինայում», — ասել է Օքրուաշվիլին:
Վրացի կամավորների մի խումբ ևս մեկնել է Ուկրաինա՝ վիրավորներին օգնելու և անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Մոտ 50 հոգու հաջողվել է մտնել Ուկրաինա՝ անցնելով Սարփիի (Թուրքիայի հետ սահման) մաքսակետը։ Նրանք Ուկրաինա են մեկնել փետրվարի 28-ին։
Նշենք, որ մարտի 1-ին կամավորներին Ուկրաինա մեկնել թույլ չտալուն հետևել էր դիվանագիտական սկանդալը երկու երկրների միջև։ Պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի նախագահը հետ է կանչել դեսպանին Վրաստանից՝ պատճառներից մեկը նշելով կամավորների՝ Ուկրաինա մեկնելու խոչընդոտումը։
Վրաստանի կառավարության պաշտոնյաները հաստատել են, որ Թբիլիսին թռիչքների համար թույլտվություն չի տվել, քանի որ կարծում է, որ Ուկրաինա կամավոր մեկնելը հավասարազոր է «պատերազմի մեջ ներքաշվելուն»:
Հիշեցնենք՝ Ուկրաինան Ռուսաստանի կողմից հարձակման է ենթարկվել փետրվարի 24-ին։ Պատերազմը շարունակվում է արդեն 9 օր։