«Աշխարհը զարգանում է, 21-րդ դարն է արդեն, ու մարդը գիտակցում է, որ իրեն ավելին է պետք, իսկ մենք պատերազմ տեսանք, ամեն ինչ կորցրինք, հիմա էլ կենցաղային նվազագույն պայմանների բացակայությամբ ենք ապրում, ջուր չունենք» — ասում է Քվեշի գյուղի բնակիչ Գիուլի Էլիզբարաշվիլին։ Նա հրաժարվում է պատերազմից հետո լքել հարազատ գյուղը, որի մի մասն օկուպացրել է Ռուսաստանը։
Վրաստանի ջրային ռեսուրսների մի մասը նույնպես օկուպացրել է Ռուսաստանը՝ երկրի ընդհանուր 20 %-ի հետ մեկտեղ:
Կոնֆլիկտից հաճախ ամենաշատը տուժում են հատկապես շփման գծի բնակիչների կենցաղային ու կենսական հիմնարար կարիքները:
1990-ականներին և 2008-ին Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում հակամարտությունները հանգեցրին հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանման: Դրանից զատ, շփման գծերի մոտ ապրող բնակչությունը մշտապես բախվում է սոցիալական, տնտեսական և անվտանգության մի շարք խնդիրների:
Վերջին տարիներին Վրաստանից չվերահսկվող տարածքներում դե ֆակտո կառավարության կողմից այդ տարածքների ընդլայնմանն ուղղված ջանքերը հանգեցրել են բաժանարար գծերի մերձակայքում ապրող բնակչության կենսամակարդակի վատթարացմանը, մասնավորապես` Ցխինվալիի տարածաշրջանում։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ շփման գծին մերձ գտնվող 116 գյուղերում ապրում է մոտ 46 հազար մարդ։
2008 թ. պատերազմից հետո օկուպացիոն գծին հարակից Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթի մարզերի գյուղերում խմելու ջուր հայթայթում են ջրով լցված հորատանցքերի միջոցով։ Ըստ տեղացիների, ջուր ստանում են երկու օրը մեկ, բայց, դրա հետ մեկտեղ` կասկածելի է նաև ջրի մաքրությունը։ Նույնիսկ, ըստ Մարդու իրավունքների կենտրոնի «Առողջության համար վտանգավոր խմելու ջրի» վերաբերյալ հետազոտության մեջ ներառված են նաև Գորիի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր։
Տարիներ շարունակ շփման գծի հարակից գյուղերում հետազոտություններ անցկացրած Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Թամթա Միքելաձեն ասում է, որ պատերազմից հետո շփման գծի գյուղերի բնակիչների 70 տոկոսը պետությունից չի ստացել լիարժեք փոխհատուցում կորուստների դիմաց:
«Ցավոք սրտի, շփման գծի ուղղությամբ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հատկապես խնդիր կա հիմնարար կենսական ենթակառուցվածքի առումով: Խոսքը մանկապարտեզներին, դեղատներին, հիվանդանոցներին խմելու ջրի հասանելիության մասին է: Ջուրը հիմնարար ռեսուրս է, ջրից օգտվելը մարդու հիմնական իրավունքն է: Մենք տեսնում ենք, որ հատկապես շփման գծի գյուղերում հիմնականում ջրի ռեսուրսի հասանելիության խնդիր կա: Այստեղ մարդիկ ստիպված են հորերից ու ջրի բնական աղբյուրներից օգտվել: Հենց սրա պատճառով կարևոր է, որ պետությունն ունենա զգայուն քաղաքականություն,մարդու անվտանգության վրա հիմնված քաղաքականություն այս շրջաններում, որպեսզի առաջին հերթին այստեղ հնարավոր դառնա նրանց սոցիալական կյանքի կայունացումը: Հակառակ դեպքում այս տարածքներում շատ բարդ կլինի խոսափելը ներքին միգրացիայից, ինչն ապացուցվում է շփման գծի գյուղերում»:
Դեռևս 2017 թվականին Գորիի քաղաքապետարանի մեծամասնական պատգամավորն, այցելելով շրջանի Քվեշի և Քվեմո Արցեվի գյուղեր՝ հայտարարել էր․ «2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, Գորիի տարածաշրջանի այլ խնդիրների հետ մեկտեղ, օրակարգ մտավ խմելու ջրի խնդիրը ևս, մեր կառավարությունը սկսել է քայլ առ քայլ նշված գյուղերին խմելու ջրով ապահովելու գործընթացը։ Նոր հորի շահագործումից հետո տասնյակ գյուղեր խմելու ջրի խնդիր այլևս չեն ունենա»։
«Ալիք Մեդիա»-ն տեղեկություն էր խնդրել Գորիի քաղաքապետարանից` հարցնելով, թե քանի՞ գյուղում կա այս պահին ջրի խնդիր, և ե՞րբ է նախատեսվում խնդիրը վերջնականապես լուծել:
Գորիի մունիցիպալիտետի պաշտոնական նամակի համաձայն, խնդիր կա 36 գյուղերում, որը նախատեսում են լուծել 2023-2024 թթ. ընթացքում:
«Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն այցելեց Գորիի մունիցիպալիտետի Քվեշի և Քվեմո Արցեվի գյուղեր, որտեղ բնակիչները ցույց տվեցին մեզ հիմնականում դատարկ ջրհորներ, առանց ջրի ծորակներ, և միայն երկու օրը մեկ հասանելի ջուր, այն էլ` կասկածելի մաքրության։
Քվեշի գյուղի բնակիչներ Լարիսա Րչեուշվիլին, Գիուլի Էլիզբարաշվիլին և Էվելինա Ջաշաշվիլին գյուղի ակտիվ «եռյակն» են: Ամեն առավոտ սուրճի սեղանի շուրջը քննարկում են, թե ինչ անեն, որ հնարավորինս շուտ շուրջօրյա հասանելիությամբ ջուր ունենան: Եվ քանի դեռ մշտական ջուր ունենալն իրենց համար մոտ ապագայում տեսանելի չէ, ենթադրություններ են անում, թե տվյալ օրը ո՞ր ժամին կունենան ջուր, որպեսզի պլանավորեն այդ օրվա կենցաղային գործերը:
«Ոռոգման ջուր ունենք, ինչ-որ ջուր է հոսում, սակայն խմելու ջրի խնդիր ունենք այնքանով, որ երկու օրը մեկ է գալիս», — ասում է Քվեշի գյուղի 60-ն անց բնակչուհի Լարիսա Րչեուլիշվիլին։
Քվեշիի բնակչուհի Լարիսան պատմում է․ «Մի քիչ վերև [խմբ․ Քվեշի գյուղից հյուսիս] Իկորթայի եկեղեցին է․ 11-12-րդ դարերում կառուցված եկեղեցի է, ոնց որ Սվետիսցխովելին լինի, ուղղակի մի քիչ փոքր է։ Մինչև պատերազմը և՛ Քվեշիի բնակիչները, և՛ Արցեվիի բնակիչներն այնտեղ էին գնում` որպես աղոթատեղի, իսկ հիմա ոչ մեկիս չեն թողնում, էլ ո՞նց կարող ենք գնալ, ցանկապատած է ամբողջը։ Այստեղ՝ գյուղի մոտ, մեր այգիների մոտ էլ ամբողջը փշալարերով պատած է․ լավ է նրանով, որ ավելի ապահով ենք զգում, որ չեն առևանգի ու չեն տանի»։
«Մոտ 1,5 հեկտար խնձորի այգիներ ունեինք, չկարողացանք ջրել ու չորացավ,- շարունակում է պատմել Լարիսան,- բերք չստացանք։ Բանկի պարտքը մնաց միայն՝ չկարողացանք փակել։ Խնդիրներ ունենք․ ոչ միայն ես ու իմ ընտանիքը, այլ շատերն ունեն։ Մեր այգիները կորցրել ենք, չենք կարողանում մշակել։ Նախկինում վախով էինք մտնում այգիներ, որովհետև շներով ու զինված գալիս էին, հաճախ առևանգում էին, իսկ հիմա ընդհանրապես չենք գնում։ Երիտասարդները երբեմն հակառակվում են, հետները վիճում են, ու այդ դեպքում վտանգն ավելի մեծ է՝ կվնասեն»։
Քվեշիի բնակիչներն ասում են, որ գյուղի օկուպացված հատվածում մոտ 20 հա հողամասեր ունեն, սակայն պատերազմից հետո ձեռ են քաշել՝ թողել են իրենց հողերն ու խնձորի այգիները։
Էկոտուրիզմի մասնագետ, Իլիայի պետական համալսարանի դասախոս Նինի Տիգիշվիլին ասում է, որ հետպատերազմյան շրջանում հիմնական շեշտը դրվում է Գորիի շրջանի խնդիրների վրա: Պատերազմից հետո, նախևառաջ, մարդիկ կորցրել են արոտավայրերը, մշակելի հողերը, ինչը մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության նվազման վրա, և այս ամենի հետ մեկտեղ` ամենակարևոր խնդիրներից է ջրի խնդիրը՝ և՛ ոռոգման, և՛ խմելու:
Ոռոգման ջուրն սկիզբ է առնում Քսանի գետից, և այն հատվածը, որտեղ ջուրը հավաքվում ու բաշխվում է ոռոգման համար նախատեսված բաց խողովակներով, 2008-ից հետո ՌԴ ուժերի վերահսկողության տակ է, և ինչպես Նինի Տիգիշվիլին է ասում, յուրաքանչյուր պահի, երբ նրանք ուզենան, կարող են փակել ջուրը կամ փոխել ուղղությունը:
«Սա այն վստահությամբ եմ ասում, որ նախկինում եղել են նման դեպքեր. ռուսները փակել են ջուրը և մոտ մեկ շաբաթ ջուր չի եղել: Սա շարունակական գործընթաց է, և մարդկանց մոտ նման դեպքերը կրկնվելու հանդեպ վախը միշտ կա», — ասում է Տիգիշվիլին:
Քվեշի գյուղում շատերը սեփական ջրհորներ ունեն իրենց բակում, քանի որ հիմնական ջուրը օրումեջ է հասանելի, և ինչպես տեղացիներն են ասում՝ «հասցնելու վրա է»։ Պետք է բոլոր գործերն անել ու սպասել, թե երբ կգա ջուրը, որ ջրի հետ կապված գործերն էլ անեն՝ լինի լվացք, լողանալ կամ էլ տնային այլ գործ։ Բայց երբեմն էլ այնքան կարճ ժամանակով են տալիս, որ գործերը կիսատ են մնում․ օրինակ` դա հաճախ է պատահում բազմանդամ ընտանիքներում։
Քվեշիի բնակչուհի Էվելինա Ջաշաշվիլին զայրացած էր. այդ օրը ջուրն ընդամենն առավոտյան 8-ից մինչև 11-ն անց էին տվել, իրենք էլ չէին հասցրել լցնել ջրի տարաներն ու ավարտել տնային գործերը։
«Ջրի մասին մի խոսեցրեք, շատ բարկացած եմ։ Մեծ ընտանիք ենք, օրումեջ են ջուրը տալիս, այն էլ շատ կարճ ժամանակով, ոչինչ չենք հասցնում անել», — ասում է նա։
Էվելինայի հարևանուհին՝ Գիուլի Էլիզբարաշվիլին, հաստատում է նրա խոսքերը, ասում է․ «Երբ ջուրը տալիս են, պետք է հասցնենք մեր ունեցած ցիստեռնները լցնել, միաժամանակ խմելու ջուր վերցնենք ու այդպես․․․»։
Փորձագետ Նինի Տիգրանիշվիլիի խոսքով, մինչև 2008-ը նույնպես բարվոք վիճակում չի եղել ջրի հարցը, սակայն այժմ, երբ խմելու ջրի ակունքները մնացել են ռուսական ուժերի վերահսկողության տակ, անհնար է դարձել որևէ վերանորոգման աշխատանք կատարել: Նաև խնդիր է ջրատար նոր խողովակների անցկացումը՝ կրկին «սահմանի» պատճառով:
«Կա մտավախություն, որ յուրաքանչյուր պահի, երբ իրավիճակը լարվի կամ ռուսական կողմը որոշի վնաս հասցնել Վրաստանի բնակչությանը, առաջին հերթին կարող է դա անել ջրի աղտոտմամբ. կարող են վնասակար նյութեր լցնել խմելու կամ ոռոգման ջրի մեջ: Մի քանի տարի առաջ պայթյուն էր եղել ռուս սահմանապահների զինանոցում, որը գտնվում է հենց Քսանի գետի ափին, և օրեր շարունակ աղտոտված ջուր էր հոսում, բնակիչները կենդանիներին հեռու էին պահում գետից, որ այդ ջրից չխմեն»:
ՄԱԿ-ի կանանց կազմակերպության (UN Women) 2019 թ․-ին կատարած հետազոտությունը, որը վերաբերվում է օկուպացիոն գծին հարակից գյուղերում առկա խնդիրներին, վկայում է, որ, սոցիալական խնդիրներից բացի, ամենամեծ խնդիրը ջուրն է։ Ավելին, ջրով է պայմանավորված նաև գյուղատնտեսության զարգացումը, որն այդ տարածքի բնակիչների, թերևս, միակ եկամտի աղբյուրն է։
Նույն հետազոտության համաձայն, շփման գծին հարակից գյուղերում շարունակում է խնդիր մնալ աշխատատեղերի բացակայությունը։ Բնակիչներն ասում են՝ չկա դեղատուն կամ բուժկենտրոն, որոշ գյուղեր գազաֆիկացված չեն, և որ ամենակարևորն է` լուծված չէ նաև խմելու ու ոռոգման ջրի հարցը։
Հակամարտության հետևանքով ոռոգման ջրային ռեսուրսների հասանելիությունը դադարեցվել է Ցխինվալիի շրջանի և Հարավային Օսիայի միջև բաժանարար գծի մոտ ապրող բնակչության համար․ սրա մասին ասվում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի զեկույցում. «Հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը բաժանարար գծերի մոտ զբաղվածության հիմնական ոլորտն է, այս խնդիրը տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է։ Միաժամանակ, սա նաև բնակչության պարենային անվտանգության խնդիր է»։
Ինչ վերաբերում է Քվեմո Արցեվի գյուղին, դեռևս 2018 թվականին այստեղ խմելու ջրի համակարգ կառուցելու համար պետական բյուջեից ծախսվել է 135 հազար լարի (մոտ 50 հազար ԱՄՆ դոլար)։ Սակայն, ինչպես բնակիչներն են ասում, ջրի համակարգը մինչ այսօր խափանումներով ու թերի է աշխատում, որոշ հատվածներում էլ նոր համակարգ էին կառուցում։
Ավելի վաղ` 2016 թվականին, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կառավարությունը 3 մլն լարի է հատկացրել օկուպացիոն գծին հարակից գյուղերում ջրի խնդրի լուծման համար։ Նշվում է նաև, որ ավելի քան 11 հազար մարդ կապահովվի ջրով։ Վերոնշյալից անցել է 7 տարի, բայց խնդիրը կրկին ակտուալ է:
Ըստ «Կառավարում զարգացման համար-G4G» կազմակերպության հետազոտության՝ այսօրվա դրությամբ Վրաստանի բնակչության 66,4 տոկոսն ապահովված է ջրամատակարարումով, և Թբիլիսիից ու Աջարիայից բացի` մնացած բնակչության ընդամենը 35 տոկոսին է հասանելի շուրջօրյա ջրամատակարարումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» 163-րդ հոդվածի՝ մունիցիպալիտետները պարտավոր են բնակչությանն ապահովել խմելու ջրով: Ըստ օրենսդրության, հաճախ մունիցիպալիտետը պայմանագիր է կնքում լիցենզավորված իրավաբանական անձի հետ, որն էլ իր հերթին իրականացնում է խմելու ջրի մատակարարման և մաքրման ծառայություններ: Մեկ այլ դեպքում խմելու ջրի մատակարարման և բաշխման ծառայությունները մատուցում է «Ջրամատակարարման միասնական պետական ընկերությունը»: Սակայն, նշվածը մունիցիպալ մարմնին չի ազատում ջրի մատակարարման պատասխանատվությունից, քանի որ բոլոր դեպքերում իրավաբանական անձի կամ Ջրամատակարարման միասնական պետական ընկերության հետ պայմանագիրը կնքում է տեղական մարմինը: «Ալիք Մեդիա»-ն, ի դեպ, հարցում է ուղարկել նշված ծառայությանը` խնդիրն ավելի խորքային ուսումնասիրելու համար: Պատասխանն ստանալու համար անհրաժեշտ է տասը աշխատանքային օր, ինչից հետո, նյութը կթարմացնենք:
Չնայած մի շարք խնդիրների, Թամթա Միքելաձեն համարում է, որ նման հիմնարար խնդիրները կարող են առիթ դառնալ կոնֆլիկտի տրանսֆորմացման համար ևս.
«Երբ խոսում ենք խմելու ջրի մասին, պատահում է, երբ ջրամբարներն ու ջրի աղբյուրները մնում են կոնֆլիկտի մյուս կողմում, սա կարող է լավ առիթ դառնալ միջհամայնքային հաղորդակցության ու այդ ճանապարհով կոնֆլիկտի տրանսֆորմացման համար: Նման հարցերի լուծման համար հաղորդակցությունը սովորաբար դրական է ազդում բազային կարիքների շուրջ կոնֆլիկտի տրանսֆորմացման ուղղությամբ: Այսպիսով, ջրի, առողջապահության հարցերը հենց այն ոլորտներից են, որտեղ նման հաղորդակցոթյունների հնարավորությունները շատ են: Նման բազմաթիվ դեպքերում կիրառվում են հիմնարար հարցերը՝ կոնֆլիկտի լուծման համար: Նման քննարկումներ կան Էնգուրհեսիի շուրջ բանակցություններում, ինչպես նաև Ցխինվալիի ուղղությամբ՝ ջրամբարների առումով»:
Ամփոփելով` պատերազմից 15 տարի անց օկուպացիայի գծից այս կողմ շարունակվում են ակտուալ մնալ էլեմենտար կենցաղային կարիքներ՝ ինչպիսիսք են ջուրը, գազը և այլ: Բացի այս, շարունակվում է վտանգի տակ մնալ տեղի բնակիչների կյանքը: Ըստ վիճակագրության՝ միայն 2022 թվականին շփման գիծը «խախտելու» մեղադրանքով ռուս զինվորներն առևանգել են 55 անձի, իսկ 2021-ին առևանգվածների թիվը հասել էր 81-ի: Այս ամենի ֆոնին, տեղացիները հայտարարում են՝ շարունակելու են մնալ տեղում ու պայքարել կենսական թեկուզ նվազագույն կարիքների համար: