Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը Ռուսաստանի խամաճիկն է. լսումներ սենատում

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սենատոր Բեն Քարդինի գլխավորությամբ անցկացրված վերջին լսումներին, որը վերաբերում էր «Գլոբալ Մագնիտսկու ակտի» իրականացմանը, քննարկել է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։

Վրաստանի վերաբերյալ լսումների հիմնական ուղերձը հետևյալն էր՝ «Վրաստանի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունը Ռուսաստանի խամաճիկն է»։

«Կարևոր է հաղորդագրություն ուղարկել, որ Սենատում և Կոնգրեսում կա երկկուսակցական կոնսենսուս Վրաստանի հետ կապված այս (բռնության-հեղ.) հարցում, և որ մենք չենք պատրաստվում ձեռքերը ծալած մնալ մարդու իրավունքների լուրջ խախտումներին, որ տեղի են ունենում Վրաստանում։ Հուսով եմ, որ վարչապետը և իշխող կուսակցությունը կստանան այդ ուղերձը», — ասել է դեմոկրատ սենատոր Ջին Շահինը։

Քարդինը Վրաստանի համատեքստում ամդրադարձել է «Գլոբալ Մագնիտսկու ակտի» կիրառման ազդեցությանը. «Մենք հուսով ենք, որ «Մագնիտսկու» պատժամիջոցները կօգնեն Վրաստանը վերադարձնել ճիշտ ուղի, քանի որ այն, ինչ անում է Վրաստանի ներկայիս իշխանությունը Վրաստանի ժողովրդի դեմ, անընդունելի է»։

Ամերիկացի գործարար Ուիլյամ Բրաուդերը («Մագնիտսկու ակտի» գաղափարի հեղինակը), որը որպես վկա մասնակցել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին, ասել է. «Վրաստանի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունը Ռուսաստանի խամաճիկ կառավարությունն է, և արդար կլինի ասել, որ պարոն Իվանիշվիլին շատ ակտիվ դերակատարություն ունի այս ողջ իրավիճակում»:

«Գլոբալ Մագնիտսկու ակտը», որն ընդունվել է Սենատի կողմից 2016 թվականին, ներառվել է 2017 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտում (NDAA 2017): Այն լիազորում է ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել ամբողջ աշխարհում օտարերկրյա պետական ​​պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել օրինախախտման մեջ. սառեցնել նրանց ակտիվները և արգելել նրանց մուտքը ԱՄՆ

Օրենքն ի սկզբանե ընդունվել էր 2016 թվականին, և դրա նպատակն էր պատասխանատվության ենթարկել 2009 թվականին Մոսկվայի բանտում ռուս հարկային փաստաբան, աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու մահվան մեղավորներին, ինչպես նաև Ռուսաստանին մշտական նորմալ առևտրային հարաբերությունների կարգավիճակ տալու համար։