Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Թամար Բաչալիաշվիլիի գործի բացահայտման հարցով Ամերիկայի հետախուզական բյորոյին դիմելու ու համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
Հաստատությունից հայտարարել են, որ նշված հարցով նախարարությունն առաջարկել է հանդիպում կազմակերպել Բաչալիաշվիլիի ընտանիքի հետ:
«Ներքին գործերի նախարարությունը կապ է հաստատել Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի հետ, առաջարկել է հանդիպել նշված հարցը քննարկելու»,- հայտարարել են նախարարությունից:
Նշենք՝ Թամար Բաչալիաշվիլին անհետացել էր հուլիսի 18-ին: Երիտասարդ ծրագրավորողին վերջին անգամ տեսախցիկներն արձանագրել էին Թեթրիծղարո շրջանում: 5 օր աղջկան փնտրելուց հետո, նրան գտել են սեփական մեքենայի մեջ, մահացած: Մինչ այդ Բաչալիաշվիլիի ընտանիքի աջակիցներն ակտիվորեն ցույցեր էին կազմակերպում՝ համապատասխան հաստատություններին կոչ անելով գտնել աղջկան:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն գոյություն ունեցող փաստերը չեն բավարարում այն բացահայտելու համար:
Ինչպես նշել ենք նախորդ հրապարակմամբ՝ FBI դիմելու հարցն այսօր բարձրացրել էր Բաչալիաշվիլիի մայրը՝ ցույց անցկացնելով ԱՄՆ դեսպանատան առջև:
Ցույց ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. Բաչալիաշվիլիի ընտանիքը FBI-ից պահանջում է միանալ գործի նախաքննությանը