Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառել, որ «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր, դաժանաբար ծեծված Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառը կարող է լինել թմրանյութը:
Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Վրաստանի քրեական ոստիկանության պետ Մամուկա Ճելիձեն: Ըստ նրա` թմրանյութի վարկածը քննարկվում է: Ճելիձեն բազմիցս շեշտել է, որ ընտանիքի և հանգուցյալի շահերից ելնելով` այս փուլում ՆԳՆ-ն զերծ է մնում նախնական վարկածներ հնչեցնելուց: Միևնույն ժամանակ, նա ուղղակիորեն ակնարկել է, որ գերդոզավորման վարկածն առաջնահերթություն է հետաքննության համար:
Թբիլիսիի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկների տեսանյութեր կան, որոնցում Լաշքարավան ընկերոջ հետ է: Երիտասարդները մոպեդով են: Ըստ ՆԳՆ-ի` կադրերն արվել են օպերատորի մահվան նախորդ օրը: Լաշքարավան ու ընկերն այցելել են Սաբուրթալոյի տարածք, ինչպես նաև երկու անգամ եղել են ծայրամասային Պոնիճալայում, որը համարվում է Վրաստանին ծանր թմրանյութերի մատակարարման հիմնական ալիքը: Քրեական ոստիկանության պետը միաժամանակ նշել է, թե չի ուզում կենտրոնանալ այս հանգամանքի վրա, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՆԳՆ-ն նախապես որոշակի վարկածներ է հայտնում: Նա կոչ է արել մահացածի ընտանիքին` համագործակցել հետաքննության հետ և հանձնել բջջային հեռախոսը: Մահվան իրական պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որում ներգրավվել է ընտանիքի կողմից ընտրված անկախ փորձագետ: