Եվրամիության բարձրագույն մարմինը նախատեսում է վերահաստատել, որ Վրաստանի կառավարության ներկայիս կուրսը խոչընդոտում է երկրի եվրաինտեգրմանը և Թբիլիսիին կոչ անել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել։ Այս տեղեկությունն առկա է Եվրոպական միության հերթական նիստի աշխատանքային փաստաթղթում, որի մասին հայտնել է Radiotavisupleba լրատվամիջոցը:
«Եվրախորհուրդը կրկնել է, որ գործողության ներկայիս ընթացքը չփոխելը վտանգում է Վրաստանի եվրոպական ուղին, փաստորեն՝ խոչընդոտում է ընթացքը, և Վրաստանին կոչ է արել իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրաինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է փաստաթղթում։
Եվրոպական խորհուրդը համախմբում է եվրոպական անդամ երկրների և կառավարությունների ղեկավարներին, որոնք հանդիպում են տարեկան չորս անգամ և սահմանում ԵՄ քաղաքականության հիմնական ուղղությունները։
Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի 17-ին և 18-ին։ Եվրոպական առաջնորդները կքվեարկեն փաստաթուղթը, որը նախապես մշակել է Եվրամիության խորհրդի քարտուղարությունը:
«Եվրախորհուրդը վերահաստատում է իր լուրջ մտահոգությունը Վրաստանի կառավարության կուրսի առնչությամբ, որը հակասում է Եվրամիության հիմնադիր արժեքներին և սկզբունքներին»,- ասված է փաստաթղթում։
Աշխատանքային փաստաթղթում Վրաստանի մասին ևս երկու գրառում կա: Դրանցից առաջինում նշված է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն «ազատ և արդար» միջավայրում, իսկ երկրորդում շեշտվում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը ԵՄ-ի «անսասան աջակցությունը»։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ ԵՄ կառույցները դադարեցրել են հանդիպումները վրացական կառավարության ներկայացուցիչների հետ, իսկ հուլիսին ԵՄ-ն դադարեցրել է 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանությունն ուժեղացնելու համար։