Վրաց-ամերիկյան տնտեսական համագործակցության հիմնադրամը (AGECF), որը նախագահում է Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն, լոբբինգ է իրականացնելու Թբիլիսիում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) տարածաշրջանային գրասենյակի բացման և ազատ առևտրի ստորագրման համար:
Հիմնադրամի խորհրդի անդամ Դիմիտրի Ցքիտիշվիլին հայտարարել է, որ նորաստեղծ հիմնադրամը կենտրոնանալու է վերոնշյալ երկու նպատակների իրագործման վրա։
«Վրաստանը որոշ չափով ներգրավված է այս նախագծերում, բայց մենք ցանկանում ենք աշխատել 2022 թվականին Վրաստանում DFC-ի գրասենյակ բացելու ուղղությամբ, որն իր գործունեությունը կընդլայնի ոչ միայն Վրաստանից, այլև տարածաշրջանային տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք չքաղաքականացնել հիմնադրամը և կենտրոնանալ տեղական քաղաքականության վրա»,- ասել է Դիմիտրի Ցքիտիշվիլին:
Ցքիտիշվիլիի խոսքով, հիմնադրամը երկխոսելու է ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի կառավարությունների հետ, կփորձի համակարգված հարթակ առաջարկել հարևան երկրներին DFC-ի գրասենյակի բացման համար։
Վրաց-ամերիկյան տնտեսական համագործակցության հիմնադրամը (AGECF) դեկտեմբերի 8-ին ամերիկյան Foreign Policy հրատարակության հետ համատեղ անց է կացրել միջազգային միջոցառում, որին հրավիրված են եղել դիվանագիտական կորպուսի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ըստ Ցքիտիշվիլիի՝ հիմնադրամը գործընկերային հարաբերություններ ունի Foreign Policy-ի հետ։
«Պայմանավորվածությամբ առաջին քայլն արեցինք՝ ավելի լայն հայեցակարգային շրջանակներում ներկայացնելու այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Ինչպես գիտեք, Foreign Policy-ն ամենաազդեցիկ միջազգային վերլուծական հրատարկչություններից է, որի միջոցով այս բանավեճը սկսվում է աշխարհաքաղաքական լայն համատեքստում, այնուհետև մենք կփորձենք ակադեմիական մասը կենտրոնացնել նաև Վրաստանի վրա»,- ասել է Ցքիտիշվիլին:
Ցքիտիշվիլին նաև ասել է, որ քննարկման թեման եղել է ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, և ոչ թե միայն Վրաստանը, սակայն, նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն խոսելու է Վրաստանի տեսանկյունից։
Ինչ վերաբերում է AGECF-ի ֆինանսավորմանը, Ցքիտիշվիլին ասել է, որ բանակցություններ է վարում դոնոր կազմակերպությունների և ԱՄՆ-ի հարցերով կենտրոնացած մի քանի ընկերությունների հետ, որոնք ազատ առևտրի շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ:
Վրաց-ամերիկյան տնտեսական համագործակցության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի օգոստոսին։ Հիմնադրամի խորհուրդը բաղկացած է.
- Մեթ Քենեդի՝ Converge-ի հիմնադիր և կառավարիչ գործընկեր,
- Ստյուարտ Աքերլին՝ Վաշինգտոնի փաստաբան և Statera Capital-ի տնօրենը,
- Քեյլեբ Չարլզ Մաքքարթի՝ ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ,
- Դիմիտրի Ցքիտիշվիլի՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
- Լևան Ավալիշվիլի՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) համահիմնադիր և ծրագրի ղեկավար,
- Իրինա Լորթքիփանիձե՝ ունի օրենքի գերակայության, դատաիրավական և իրավական ոլորտի բարեփոխումների փորձ:
Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախաձեռնությունն առաջին անգամ հնչեցրել են 2009 թվականին դեմոկրատ սենատոր Ջոն Քերին և հանրապետական Դեյվիդ Դրեյերը։ 2012 թվականին Վաշինգտոնում Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հնարավորությունը, թեև բանակցությունները դեռ չեն սկսվել, այդ թվում՝ Մամուկա Բախտաձեի կառավարության ժամանակ։
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հետաձգման օբյեկտիվ պատճառներ կան, սակայն այս ուղղությամբ կան հեռանկարներ։
Ներկայում Վրաստանից ԱՄՆ արտահանվող գյուղատնտեսական որոշ ապրանքներ ենթակա են GSP (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) առևտրային ռեժիմին, որը թույլ է տալիս վրացական արտադրանքը ԱՄՆ արտահանել նվազեցված մաքսային դրույքաչափով։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր