Ուկրաինայի նախագահի վարչակազմը Վլադիմիր Զելենսկիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպման մասին հայտարարություն է տարածել:
Տեղեկատվության համաձայն կողմերը զրուցել են վրաց-ուկրաինական համագործակցության, դրանց առաջնահերթությունների, ինչպես նաև ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կշարունակի առաջ շարժվել արտաքին քաղաքական նույն կուրսով, որն ուղղված է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և եվրատլանտյան ինտեգրացիայի զարգացմանը:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր մարտահրավեր է կոռուպցիայի հաղթահարումը, այդ հարցում, ըստ նրա, Վրաստանն օրինակ է ծառայում:
Իր հերթին Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է միավորեն ջանքերը ՆԱՏՕ-ին անդամագրվելու և եվրաինտեգրացիայի ճանապարհին: Վերջում, Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Զելենսկիին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան:
Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին երեկ մասնակցել է Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը։