Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու: Այս մասին հայտնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ թեկնածուների գրանցումն արդեն ավարտված է։ Գրանցված 25 մասնակիցներից 19-ը ներկայանալու են քաղաքական կուսակցություններով, 6-ը՝ նախաձեռնող խմբերով:
«Նախագահական ընտրություններին մասնակցելու 46 հայտ է եղել, դրանցից 20-ը ներկայացվել էին քաղաքական կուսակցություններով, իսկ 26-ը՝ նախաձեռնող խմբերով: Գրանցման ընթացքում 21 թեկնածուի տարբեր օրենսդրական հիմքերով մերժել են»,- ասված է հանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Գրանցված թեկնածուները մինչև հոկտեմբերի 16-ն իրավունք ունեն դիմել ԿԸՀ՝ հանելու իրենց թեկնածությունը։ Հիշյալ ժամկետից հետո բոլոր թեկնածուների անունները տեղ կգտնեն ընտրական տեղեկագրերում:
Ըստ լրատվամիջոցների, նախագահական ընտրություններում հիմնական մրցապայքարը ընթանալու է նախկին արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեի և Սալոմե Զուաբիշվիլիի միջև։ Վերջինիս սատարում է իշխող «Վրացական երազանք»-ը, իսկ Վաշաձեն, ով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ է, որպես թեկնածու է առաջադրվել միավորված ընդդիմության կողմից։