Վրաստանի մայրաքաղաքը նշում է «Թբիլիսոբա 2024»-ը

Մայրաքաղաքի ամենահայտնի զբոսայգիներից մեկը՝ Ռիկղեն, ինչպես նաև քաղաքի այլ կենտրոնական հատվածները, այս շաբաթավերջին՝ հոկտեմբերի 5-ին և 6-ին հատկապես մարդաշատ են, այն հյուընկալել է մուլտֆիլմի հերոսների, երգչային և պարային խմբերի, այգին զարդարված է քաղաքին հատուկ խորհրդանշական զարդարանքներով։ Այգում անցկացվում են զվարճալի խաղեր, երեխաները լուսանկարվում և խաղում են մուլտֆիլմերի հերոսների կերպարների հետ։

Թբիլիսիի խորհրդանիշներից մեկը համարվող «Խաղաղության կամուրջը» ևս զարդարվել էր «Թբիլիսոբա» գրությամբ։

Վրաստանի մայրաքաղաքի տոնը ամենամյա համաժողովրդական տոն է դարձել, որ նվիրված է հինավուրց քաղաքին և բերքահավաքին։ Այն տոնվում էր հոկտեմբերի վերջի հանգստյան օրերին, սակայն 2011 թվականից՝ նշվում է հոկտեմբերի սկզբի օրերին:

Թբիլիսոբայի տոնին մայրաքաղաքի ամենահին մասերից մեկում, Աբանոթուբանիի թաղամասում ներկայացված էր նաև հայկական տաղավր, այլ երկրների տաղավարների կողքին։ Հայկական տաղավարում ներկայացված էին հայկական մշակութային տարրեր, այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան․

«Թբիլիսին հայկական մշակույթի կենտրոն է եղել շատ երկար ժամանակ, հետևաբար ես կարևորում եմ որ այստեղ ներկայացված լինի հայկական տաղավարը։ Արդեն 3-րդ տարին է, որ տարբեր երկրներ իրենց արտադրությունը և մշակութային տարրերն է ներկայացնում», — նշում է Առաքելովան, նշելով․ «Անցած տարի մենք չմասնակցեցինք այս տոնին, մեր սոլիդարությունը հայտնելով Արցախից տեղահանված անձանց»։

Հայկական տաղավարում ներկայացված էր նկարիչ Թենգիզ Մկոյանցի աշխատանքները, Առաքելովան նշում է․ «Բոլորին ասում ենք, որ Մկոյանցը միայն Թբիլիսին է նկարում, հետևաբար այս կերպ նաև բարձրանում է տեղեկացվածության մակարդակը»։

Հատկանշական է, որ այս տարի՝ 2024 թվականին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա»-ն նշվում է հոկտեմբերի 5-ին և 6-ին։ «Թբիլիսոբա»-ի տոնակատարության համար տարի ծախսվեց 3,5 մլն լարի։ Միջոցառումների կազմակերպման հարցով Թբիլիսիի քաղաքապետարանը դիմել էր Գնումների գործակալությանը: