Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է. ԵՄ քաղգործիչներ

Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով «իշխող կուսակցությունը խորացնում է պառակտումը Վրաստանում, ծրագրում է հեղաշրջում՝ ոչնչացնում լիբերալ ժողովրդավարությունը:

Ռոթն ընդգծել է՝ «Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»:

«Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի «ընտրությունը» Վրաստանի բոլոր սահմանադրական ինստիտուտների «գլաիխշալտունգ» է (Gleichschaltung-ֆաշիստների կողմից ստեղծված տերմինն է՝ նկարագրելու տոտալիտար ռեժիմի ամրապնդումը Գերմանիայում-հեղ.)», — X-ում գրել է Ռոթը:

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն գրել է, որ «Իվանիշվիլին շարունակում է գրավել պետությունը»։

«Այսօր Վրաստանում իրական ընտրություններ տեղի չունեցան, այն, ինչին ականատեղ եղանք, ֆարս էր, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում և այլ ավտորիտար պետություններում»,- գրել է լիտվացի քաղաքական գործիչը. նա դեկտեմբերի 11-13-ը ևս վեց պատգամավորների հետ Վրաստան էր ժամանել:

Յուկնևիչենեն հավելել է՝ «Վրաստանում միակ լեգիտիմ պաշտոնյան նախագահը Զուրաբիշվիլին է՝ ընտրված ազատ ընտրությունների արդյունքում»:

Նման ուղերձ է հղել նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը. «Վրաստանի միակ լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»:

Ֆրանսիացի Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոզոն, կիսվել է Միհկելսոնի գրառումով և նշել. «Այսօր կեղծ ընտրությունների արդյունքում հավաքված Վրաստանի խորհրդարանը ցանկանում է ընտրել երկրի նոր նախագահ՝ ուլտրաաջ և ռուսամետ․ երբ ամեն օր վրացիները ցույցեր են անում՝ ցույց տալու իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը և Եվրոպային: Իմ լիակատար աջակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին, որ մարմնավորում է վրաց ժողովրդի ձգտումները»:

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ:

Կղավելաշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ այս պահին (ժամը 21:30) շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանն ընտրեց երկրի 6-րդ նախագահին