Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։
«Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանն անդամակցելու անկեղծ ցանկությանը։ Այս նկրտումները դեպի Եվրամիություն պետք է ավելի լավ արտացոլվեն կառավարության կողմից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Վրաստանի համար սահմանված ինը պայմանները
Վրաստանի համար սահմանված ինը պայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշները լիովին նոր են։
Նոր վերապահում է՝ ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը։
Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա։
Ի դեպ, ներկայում Վրաստանի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս, իսկ մի քանի տարի առաջ այն գերազանցում էր 60 տոկոսը։
Ինչ է ներառում 9 վերապահումը
Եվրահանձնաժողովը գրում է, որ այս հանձնարարականն անում է՝ հիմնվելով 12 առաջնահերթությունների և ավելի լայն համատեքստում ձեռք բերված արդյունքների վրա, որոնք բացահայտվել են 2022 թվականի հունիսին եվրոպական հեռանկարի շնորհումից հետո։
- Պայքար ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ (օտարերկրյա-խմբ.) միջամտության դեմ,
- Վրաստանի արտաքին քաղաքականության համապատասխանեցման ցուցանիշի բարելավում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ,
- Լրացուցիչ պայքար քաղաքական բևեռացման դեմ, այդ թվում՝ ավելի ընդգրկուն աշխատելով խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների հետ, հատկապես Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող օրենսդրության վրա,
- Ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովում, հատկապես 2024 թվականին, և լիովին հաշվի առնելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունները՝ ավարտին հասցնել ընտրական բարեփոխումները, ներառյալ ընտրողների համապատասխան ներկայացվածության ապահովումը ընտրությունների օրվանից շատ շուտ,
- Հետագայում կատարելագործել խորհրդարանական վերահսկողությունը, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների նկատմամբ: Առանցքային կառույցների, հատկապես՝ ընտրական վարչակազմի, Ազգային բանկի և Կապի կարգավորման հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովում,
- Համապարփակ և արդյունավետ դատաիրավական բարեփոխումների ավարտը և իրականացումը, ներառյալ Արդարադատության բարձրագույն խորհրդի և դատախազության համապարփակ բարեփոխումը, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների լիարժեք իրականացումը թափանցիկ և ներառական գործընթացի միջոցով,
- Հակակոռուպցիոն բյուրոյի, Հատուկ քննչական ծառայության և Անձնական տվյալների պաշտպանության ծառայության արդյունավետության և ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովում։ Նկատի ունենալով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները այս մարմինների վերաբերյալ ներառական գործընթացի միջոցով, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեպքերի արդյունավետ հետաքննության ուժեղ փորձի կուտակում,
- Ապաօլիգարխացման վերաբերյալ գործող գործողությունների ծրագրի կատարելագործում, որպեսզի ապաօլիգարխացումն իրականացվի բազմաոլորտային, համակարգային մոտեցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան և թափանցիկ և ներառական գործընթացի արդյունքում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ,
- Մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների բարելավում, այդ թվում՝ մարդու իրավունքների հավակնոտ ռազմավարություն որդեգրելով և հավաքների և արտահայտվելու ազատության ապահովում։ Նախաձեռնել անաչառ, արդյունավետ և ժամանակին հետաքննություններ խոցելի խմբերի, լրատվամիջոցների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ սպառնալիքների միջադեպերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել բռնության կազմակերպիչներին և հեղինակներին: Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների անցկացում, նրանց ներգրավվածության ապահովումը օրենսդրության ստեղծման և քաղաքականության մշակման գործընթացում և նրանց աշխատանքի ազատության ապահովումը:
Ի դեպ, Եվրահանձնաժողովը կանաչ լույս է տվել Ուկրաինային և Մոլդովային՝ սկսելու ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցում հաջորդ քայլն է
Ընդգծենք՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Մոլդովան և Ուկրաինան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացավ եվրոպական հեռանկար և 12 հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն՝ կարգավիճակ ստանալու համար։
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական ստացավ