Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ՝ 2019 թվականի նոյեմբերին պետությունը չի խախտել Մարդու իրավունքների կոնվենցիայի ոչ մի հոդված «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման առաջնորդներ Գիգա Մաքարաշվիլիի և Զուկա Բերձենիշվիլիի ձերբակալության գործով, միայն մեկ ցուցարարի՝ Իրակլի Կաճարավայի նկատմամբ է երկու հոդված խախտվել։
Գործի հանգամանքները հետևյալն են. 2019 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի պետական Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Վրաստան այցից և խորհրդարանի նիստը խորհրդարանի նախագահի նստավայր տանելուց հետո` հազարավոր մարդկանց ցույցերի ֆոնին, իշխող «Վրացական երազանքը» խոստացավ անցնել համամասնական ընտրակարգի։
Սակայն, այդ աշնանը իշխող թիմը դրժեց խոստումը, ինչն էլ հարուցեց հանրության զայրույթը, ինչին հետևեցին զանգվածային ցույցերը. որոնցից մեկն էլ անցկացվեց նոյեմբերի 17-18-ին։
2019 թվականի նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց՝ ցրելու նպատակով այն ցուցարարներին, որոնք փակել են խորհրդարանի մուտքն ու դեպի խորհրդարան տանող ճանապարհը։ Այդ օրը, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 37 մարդ. նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և խուլիգանության համար։
Ձերբակալվածներից էին նաև ՄԻԵԴ դիմած վերոնշյալ եռյակը։ Ոստիկանությունը նրանց մեղադրել էր մանր խուլիգանության և ոստիկաններին չհնազանդվելու համար։
Ստրասբուրգի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ, Մաքարաշվիլիի և Բերձենիշվիլիի նկատմամբ չի խախտվել արդար դատաքննության իրավունքը, չի խախտվել նաև հավաքների և միավորումների ազատությունը։
Իսկ ահա Իրակլի Կաճարավայի նկատմամբ հայտնաբերվել է այս երկու հոդվածների խախտում։
Դատարանի կարծիքով՝ ներկայացված նյութերը բավարար ապացույց չեն, որ Կաճարավան եղել է ցույցի կազմակերպիչների թվում կամ անձամբ փակել է խորհրդարանի մուտքը և կամ դիմադրել է մուտքը բացել փորձող ոստիկաններին։
Ստրասբուրգի դատարանի որոշմամբ՝ Վրաստանի կառավարությունը Իրակլի Կաճարավային պետք է վճարի 1 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։