2017-ին Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնցով արգելվեց Վրաստանի քաղաքացիությունից զրկելը՝ այլ քաղաքացիություն ստանալու դեպքում:
Սա որոշակի պայմանների դեպքում միայն: Փաստաբան Գուրգեն Եզոյանի խոսքերով՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությունը տարբեր կատեգորիաների մարդկանց համար տարբեր ազդեցություն է ունեցել:
- ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Մինչև սույն թվականի օգոստոսը, նախկինում այլ երկրի քաղաքացիություն ստացած Վրաստանի քաղաքացիները կարող են դիմել՝ այն օրինական ճանաչելու համար: Այս ծառայությունն ի սկզբանե անվճար էր, հիմա 250 լարի է: Նշված ժամկետից հետո քաղաքացին այլևս չի կարողանա քաղաքացիության պահպանման պահանջով դիմել պետությանը և կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը:
Եթե դիմողն անչափահաս է ու ծնվելով է ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն, այսինքն ծնողներից որևէ մեկը երեխայի ծնվելու պահին եղել է Վրաստանի քաղաքացի, դիմելու ժամկետը մինչև 18 տարեկանը լրանալն է:
«Սա անցումային օրենք է, իսկ հիմնական օրենքը պահանջում է՝ քաղաքացիության համար այլ երկրի դիմելուց առաջ նախ պետք է դիմումով տեղեկացնել Վրաստանին: Օգոստոսից հետո այս կարգը չպահպանելու դեպքում քաղաքացին կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը»,— ասում է Գ. Եզոյանը:
- ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Նոր կարգավորումներով հնարավորություն կա քաղաքացիությունը վերականգնել:
Եթե Վրաստանի քաղաքացիությունը անձը կորցել է այլ քաղաքացիություն ստանալու պատճառով, հնարավորություն ունի այն վերականգնել մինչև 2020-ի դեկտեմբեր՝ հանձնելով վրացերենի քննություն:
Վրաստանի՝ որպես երկրորդ քաղաքացիություն ստացողները 3 քննություն են հանձնում՝ վրացերեն, Վրաստանի պատմություն ու Վրաստանի սահմանադրություն: Յուրաքանչյուր քննության հարցաշարում 200 հարց է, դրանք պատասխանների հետ մեկտեղ տեղադրված են Արդարադատության նախարարության պաշտոնական էջում: Քննության հարցաշարում 30 հարց է (10-ական յուր. քննությունից): Քննությունը հաջողությամբ հանձնած քաղաքացին մասնակցում է նաև հարցազրույցի փուլին:
Քննություն հանձնում են նաև Վրաստանի քաղաքացիությունից դիմումով հրաժարված քաղաքացիները:
- ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒն
2016-18 թթ.-ին Վրաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 15 հազար օտարերկրացի: Մեծ մասը՝ ավելի քան 6000-ը, ՌԴ-ի քաղաքացիներ են:
Ներկայումս Վրաստանում երկքաղաքացիություն ունի մոտ 60 հազար մարդ:
2006-ից մինչ հիմա ամենաշատ քաղաքացիություն շնորհվել է 2013 թվականին՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք:
Երկրորդ քաղաքացիություն ստանալու հիմքով Վրաստանի քաղաքացիությունից վերջին տարիներին զրկվել է ավելի քան 30 հազար մարդ, նրանց մեծ մասը հայեր են:
- ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ Վրաստանի օրենքի՝ քաղաքացիության տրամադրման վերջնական որոշումը երկրի նախագահինն է: Սովորական կարգով քաղաքացիության կարող են դիմել այն անձինք, ովքեր 5 և ավելի տարի ապրում են Վրաստանում, գիտեն լեզու, աշխատում են կամ երկրում սեփականություն ունեն: Ծառայության արժեքը 250 լարի է: Քաղաքացիները հանձնում են քննությունը (լեզու, պատմություն, սահմանադրություն), 90 օր սպասում որոշմանը: Հատուկ գաղտնաբառի միջոցով հնարավոր է հետևել գործի ընթացքին:
- ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2017 թ.-ի մարտի 28-ից, Վրաստանի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել շենգենյան գոտի, որը ներառում է Եվրամիության անդամ 22 և ոչ անդամ 4 երկիր:
Վրացական անձնագիրն ամրապնդել է դիրքերը՝ ըստ 2019 թ.-ի անձնագրի ինդեքսի: Այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզային ռեժիմի կամ պարզեցված կարգով օգտվել աշխարհի 144 երկիր այցելելու իրավունքից:
Այս տարվա մայիսին արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անվճար անձնագիր ստանալու հնարավորություն կունենան։