Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման ժամկետը երկարաձգվում է

Վրաստանի նախագահը ստորագրել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի Վրաստանի նախկին քաղաքացիների, ինչպես նաև այն քաղաքացիների, ում հանդեպ մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը չի ընդունվել որոշում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին, կտրվի լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Վրաստանի քաղաքացիության վերականգնման, կամ պահպանման իրավունքից օգտվելու համար:

Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն, Վրաստանի նախագահը և Արդարադատության նախարարությունը համատեղ աշխատանք են տանում վրացական քաղաքացիություն շնորհելու, պահպանելու և վերականգնելու կանոնները պարզեցնելու ուղղությամբ:

Ինչպես նաև, փոփոխությունների նախագծի համաձայն՝ մինչև 1993 թվականը ծնված անձինք, ովքեր չեն ստացել այլ երկրի քաղաքացիություն, հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարգավորել քաղաքացիության ու փաստաթղթերի հարցերը և համապատասխան գործակալությանը դիմել Վրաստանի քաղաքացիության հաստատման, կամ հատուկ կարգով շնորհման համար:


2018 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու պահանջով Պետական ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել է 1935 մարդ, 2019 թվականին՝ 2044: Քաղաքացիության պահպանման համար 2018 թվականին դիմել է 3120 մարդ, 2019-ին՝ 7234:

2020 թվականին Վրաստանի քաղաքացիության վերականգնման համար պետական ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել է 1217 նախկին քաղաքացի, քաղաքացիության պահպանման համար՝ 3186 մարդ:

Հիշեցնենք՝ 2017 թվականին Վրաստանի Սահմանադրությունում արված փոփոխություններից հետո, Վրաստանի քաղաքացիներն այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ստացան, սակայն հատուկ պայմանով՝ եթե մինչ այլ երկրի քաղաքացիություն ստանալը քաղաքացին պետությունից կստանա թույլտվություն Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ:

Իսկ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մինչ այդ ձեռք էին բերել այլ երկրի քաղաքացիություն, իրավունք ստացան նախ մինչև 2019 թվականի օգոստոսի 15-ը դիմել պետությանը Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով, ապա, դիմորդների մեծ քանակով պայմանավորված, նշված ժամկետը հետաձգվեց մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։